211652_close_icon
views-count1451 դիտում article-date 15:38 25-07-2016

Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան ամփոփել է արդյունքները

Հուլիսի 18-23-ն Աղվերանում տեղի է ունեցել Համահայկական բնագիտական 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Սփյուռքի 9 երկրների (Բելգիա, Իսպանիա, Էստոնիա, Իրան, Սիրիա, Վրաստան, Թուրքմենստան, Ռուսաստան, Ֆրանսիա) 14 տարեկանից բարձր 70 դպրոցական: Վերջիններս մրցել են մաթեմատիկայի, ֆիզիկայի և Հայաստանի աշխարհագրության բնագավառներում: Օլիմպիադայի աշխատանքային լեզուն հայերենն էր, բայց հայերենով մասնագիտական տերմինաբանությանը չտիրապետողների համար գրավոր առաջադրանքները պատրաստվել էին նաև անգլերենով և ռուսերենով: Բացի գիտելիքների մրցույթից, Համահայկական բնագիտական օլիմպիադան նպատակաուղղված է հայրենիքի շուրջը հավաքելու Սփյուռքի երրորդ-չորրորդ սերունդ ներկայացնող այն երիտասարդներին, ովքեր չեն տիրապետում կամ գրեթե չեն տիրապետում հայերենին և գտնվում են ազգային կրթության և դաստիարակության համակարգից դուրս: Այս պատճառով օլիմպիադայի օրակարգը հարուստ էր նաև ժամանցային և ուսուցողական միջոցառումներով, որոնք պետք է ավելի մեծ տեղեկություններ փոխանցեին դպրոցականներին՝ Հայաստանի, նրա պատմության և մշակույթի մասին: Օլիմպիադայի արդյունքում օլիմպիականներն արժանացել են չորս I կարգի դիպլոմների, ութ II կարգի դիպլոմների և տասը III կարգի դիպլոմների: I կարգի դիպլոմներ ստացել են Իրանի Թեհրանի համայնքի և Հայաստանի ներկայացուցիչներ, II կարգի դիպլոմների արժանացել են Սիրիայի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներ, III կարգի դիպլոմները տրվել են Իրանի, Վրաստանի, Հայաստանի և Արցախի ներկայացուցիչներին: Բարձր գիտելիքներ ցուցաբերած այլ մանսակիցներ արժանացել են ՀՀ ԿԳ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի:

Նմանատիպ նյութեր