Քննարկել են ապօրինի սահմանահատման ապաքրեականացման միջազգային պրակտիկայում արձանագրված դրական և չհաջողված դեպքերը
                        Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և  Միացյալ ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի   նախաձեռնությամբ  հանրային պաշտպանները քննարկել են    «Փախստականների կարգավիճակի մասին Կոնվենցիայի» 31-րդ հոդվածի կիրառման պրակտիկան և առանձնահատկությունները:  
Քննարկմանը բացման խոսքով հանդես  են եկել      ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթը   և Հանրային  պաշտպանի գրասենյակի ղեկավար Մելանյա Առուստամյանը: 
    Անդրադառնալով    Միացյալ ազգերի կազմակերպության կողմից փախստականների իրավունքներին առնչվող առաջնահերթություններին՝ Քրիստոֆ Բիերվիրթը նշել է, որ  իրենց գրասենյակը   մշտապես  իր խոր մտահոգությունն է արտահայտել փախստականների խնդիրների  վերաբերյալ՝ ջանալով ուշադրություն հրավիրել  փախստականների հիմնական իրավունքների և ազատությունների ապահովմանը: Նա նշել է, որ  հայ ժողովուրդը բազմիցս  պատմականորեն տեղահանվել է և մեր երկրում իրապես նկատելիորեն կարևորվում է փախստականների իրավունքների պաշտպանությունը:  
ՀՊԳ ղեկավար Մելանյա Առուստամյանը, շարունակելով բանախոսի միտքը, հավելել է, որ  Հայաստանի Հանրապետությունում Փախստականների  իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշների և փորձի ներդրման  այդ թվում` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրացման գործում  ՝ անվճար  իրավաբանական օգնության  տրամադրման  գործընթացում   նշանակալի է Հանրային պաշտպանի գրասենյակի դերը:
Մասնակիցները քննարկել են  ապօրինի սահմանահատման  ապաքրեականացման միջազգային պրակտիկայում արձանագրված դրական և չհաջողված  դեպքերը: Բանախոսները  ներկայացրել են  ապաստանի   հայցման         միջազգային և ներպետական իրավական դաշտի առկա վիճակը, զարգացման հնարավորություններն ու անհրաժեշտ  ձեռնարկվելիք  քայլերը:
Քննարկման ավարտին  կողմերն  արձանագրել են, որ առաջին համատեղ այս միջոցառումը հաջող մեկնարկ էր  հետագա  առավել  խորը ուսումնասիրությունների և փախստականների իրավունքների պաշտպանության բնագավառում փոխգործակցության համար: 
ՀՀ ՓՊ մամուլի ծառայություն
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

