Ավստրալիան Մեծ Բրիտանիային ազատ առևտրի պայմանագիր է առաջարկել
                        Ավստրալիան Մեծ Բրիտանիայի հետ ազատ առևտուր իրականացնելու մասին պայմանագիր է առաջարկել ստորագրել այն բանից հետո, երբ այն դուրս գա Եվրամիության կազմից, հաղորդում է Guardian-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այդ առաջարկն անվանել է չափազանց կարևոր և հայտարարել, որ դա վկայում է, որ ԵՄ-ից դուրս գալը երկրի համար աղետալի չէ: 
Նշենք, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան հասնում է մինչև 16 մլդ դոլարի: 
Թերեզա Մեյի հայտարարության մեջ ասվում է. «Ես միշտ եմ պնդել, որ իմ կառավարությունը ԵՄ-ից դուրս կգա հաջողությամբ: Մենք դա կանենք, մասնավորապես, աշխարհի տարբեր երկրների հետ ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքելու ճանապարհով: Ամբողջովին դրական եմ համարում այն փաստը, մեր ամենակարևոր միջազգային գործընկերներից մեկը արդեն նման համաձայնագիր է առաջարկել»:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

