211652_close_icon
views-count3305 դիտում article-date 17:45 14-07-2016

Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի. ՀՀ գյուղատնտեսության նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը, որին ներկա էին խորհրդին անդամակցող ոլորտի թվով 19 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացելով նիստը՝ նախարար Կարապետյանը, մինչ հիմնական օրակարգային հարցերին անցնելը, հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ խորհրդում ընդգրկվելու հայտեր ներկայացնելու համար՝ ընդգծելով քաղաքացիական հասարակության ներգրավվածության կարևորությունը պետական կառավարման համակարգի աշխատանքներում: «Գյուղատնտեսությունը մեր երկրի տնտեսության կառուցվածքում ծանրակշիռ ներդրում ունի, և ես լիահույս եմ, որ այս նորաստեղծ խորհուրդը, որում ընդգրված են ոլորտում մեծ հեղինակություն և փորձ ունեցող կազմակերպություններ, ակտիվ գործունեություն կծավալի և առանցքային դերակատարում կունենա նախարարության կողմից ոլորտում տարվող քաղաքականության առավել արդյունավետ իրականացման գործում՝ յուրահատուկ երկխոսության հարթակ դառնալով հանրության և նախարարության միջև», - նշել է Սերգո Կարապետյանը: Այնուհետև խորհուրդն անցել է օրակարգային հարցերի քննարկմանը: ՀՀ ԳՆ աշխատակազմի գյուղատնտեսական ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը հանդես է եկել զեկուցմամբ «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի վերջին տարիների միտումները և գյուղատնտեսության զարգացման ռազմավարության հիմնական դրույթները» հարցի շուրջ: Անդրադառնալով վերջին 5 տարիների ընթացքում կատարված աշխատանքներին՝ Հրաչյա Ծպնեցյանը նշել է, որ այս ընթացքում գյուղատնտեսությունում էական դրական տեղաշարժեր են արձանագրվել, 2011-2015 թթ. ոլորտը ձևավորվել է երկրի ՀՆԱ-ի 18.6%-ը, իսկ ագրովերամշակող ոլորտի հետ միասին` գրեթե 25.0%-ը: 2015 թվա­կանին գյուղատնտեսության համախառն արտա­դրանքի արժեքը կազ­մել է 1002.2 մլրդ դրամ, որը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 11.7%-ով: 2012, 2013 և 2014 թթ. գյուղատնտեսության ոլորտում տնտեսական աճը կազմել էր համա­պատաս­խանաբար` 9.5, 7.1 և 7.2%: Գյուղատնտեսության տնտեսական աճի հետ մեկտեղ կարևորագույն ձեռքբերում­ներից է ոլորտի հիմնական ռեսուրսի` գյուղատնտեսական հողերի օգտագործման մակար­դակի բարձրացումը: Ամփոփելով նիստը՝ նախարար Կարապետյանը կոչ է արել խորհրդի անդամներին մշտական կապ պահպանել նախարարության հետ և առաջարկություններ ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերի շուրջ՝ պատրաստակամություն հայտնելով բաց և թափանցիկ քննարկել բոլոր բարձրացված խնդիրները և համատեղ լուծումներ գտնել:

Նմանատիպ նյութեր