Ինչ են պատմել սահմանը հատած պակիստանցիները իրավապահներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ ազգային անվտանգության ծառայությունը խիստ հսկողություն էր սահմանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Բանն այն է, որ Թուրքիայից Արաքս գետով, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2, իսկ ըստ մեր տեղեկությունների՝ 4-5 անձ է հատել սահմանը և փորձել թաքնվել թփուտներում:
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանային վարչության մամուլի ծառայությունը պաշտոնապես տեղեկացրել է այս մասին, սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը դեռևս լռում է:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, թե Թուրքիայից սահմանը հատած և Արարատի սահմանում հայտնված Աֆղանստանի և Պակիստանի քաղաքացիներն ինչ են պատմել իրավապահներին: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ վերջիններս հայտնել են, թե Հայաստանի մասին որևէ բան չգիտեն և, առհասարակ, երբևէ չեն էլ լսել: Ավելին՝ նրանք հավաստիացրել են, թե աշխատանք են փնտրել Թուրքիայում, պատահական են հայտնվել սահմանի այս հատվածում և չգիտեն, թե ինչպես է ամեն ինչ տեղի ունեցել:
Մեզ հասած տեղեկություններով՝ իրավապահ համակարգը չի բացառում, որ սահմանը հատած օտարերկրացիները լրտեսներ են կամ հատուկ գործակալներ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]