«Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող»․ Ավետիք Իսահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նար-Դոսը ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։
Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում, որտեղ մտերմացել է ապագա բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։ 1890-1906 թվականին եղել է «Նոր դար»-ի պատասխանատու քարտուղարը։
1904 թվականին որպես քարտուղար և սրբագրիչ է աշխատել «Աղբյուր-Տարազ» պարբերականում, 1913-1918 թվականին՝ «Սուրհանդակ» թերթում։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո որոշ ժամանակ շարունակել է սրբագրիչի աշխատանքը։ 1931 թվականի հունիսի 14-ին տոնվել է գրողի գրական գործունեության 45-ամյակը, նրան շնորհվել է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։
Ժամանակակիցները Նար-Դոսին հիշում են իբրև համեստ, պարզ և համակրելի անձնավորություն։ «Նար-Դոսը մեր խոսքի լուրջ վարպետներից է և մեր գրականության հարատև փառքերից մեկն է» ,- գրել է Ավետիք Իսահակյանը։ «Նրա հոգին առաքինությունների բյուրեղացումն էր և մարդասեր, ընկերասեր, կարեկցող, ազնիվ և համեստ... Նար-Դոսի մեջ մարդը և գրողը իրարից անբաժան էին և իրար չժխտող» ,- գրում է Ավետիք Իսահակյանը։ Նար-Դոսի հմայքը զգալիորեն պայմանավորված էր նրա մարդկային նկարագրով։