211652_close_icon
views-count1624 դիտում article-date 18:56 11-07-2016

«Մեր բնակիչները չպետք է տուժեն անբարեխիղճ ընկերությունների պատճառով». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի, ինչպես նաև հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է այս հարցում լինել ավելի խիստ ու հետևողական: «Մուտքերի և տանիքների նորոգման աշխատանքները պետք է ընթանան սահմանված ժամանակացույցով: Մասնավորապես տանիքների նորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչև սեպտեմբեր: Որակի պահպանման հարցում եղեք խիստ և սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն վերացնում արձանագրված թերությունները: Անբարեխիղճ ընկերությունների պատճառով մեր բնակիչները չպետք է տուժեն, ու մենք էլ պարտավոր չէնք սպասել, թե նրանք երբ կբարեհաճեն վերացնել թերությունները: Անհրաժեշտության դեպքում անմիջապես խզեք պայմանագրերն ու օրենքով սահմանված կարգով քայլեր ձեռնարկեք նման ընկերությոնների նկատմամբ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Խորհրդակցության շրջանակում քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ ապօրինի շինարարությունը և հողազավթումը կանխարգելելու ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, 1 հասցեում իրականացվել է ապօրինի շինության քանդման աշխատանք:

Նմանատիպ նյութեր