Թուրքիայում կայանալիք Գիմնազիադային մասնակցելու են նաև Հայաստանի դպրոցական մարզիկները
Հուլիսի 11-18-ը Թուրքիայի Տրաբզոն քաղաքում կայանալիք դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային մասնակցելու են նաև Հայաստանի մարզիկները:
Այս առիթով երեկ «Աշխատանքային հերթափոխ» մարզական հասարակական կազմակերպությունում ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արման Այվազյանի և Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանի գլխավորությամբ անցկացվեց խորհրդակցություն մարզիչների և պատասխանատուների հետ:
Արա Մեհրաբյանը հիշեցրեց, որ նախորդ՝ 2013 թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայում, ընդամենը մասնակցելով 5 մարզաձևի մրցումներում, նվաճել են 4 մեդալ, որից մեկը՝ ոսկե:
«Այս անգամ մենք երկու անգամ ավելի մեծ պատվիրակություն ենք ուղարկում Տրաբզոն, և վստահ եմ, որ արդյունքներն էլ ավելի լավը կլինեն: Իսկ մեդալակիրները անպայման կարժանանան խրախուսանքի»,-ասաց Արա Մեհրաբյանը:
Տրաբզոնում Հայաստանի 38 հոգանոց պատվիրակությունը, ղեկավարելու է ՀՀ կրթության և գիտության նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ, Դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի քարտուղար Արման Այվազյանը:
Արման Այվազյանը նշեց, որ «Հայաստանի պատվիարակությունը դպրոցականների 16-րդ համաշխարհային Գիմնազիադային կմասնակցի 9-ը մարզաձևերից /ատլետիկա, մարմնամարզություն, լող, հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, նետաձգություն, շախմատ և սուսերամարտ/, դպրոցականների համաշխարհային գիմնազիադան իր բնույթով հանդիսանում է դպրոցականների համաշխարհային սպորտի ամենաբարձր վարկանիշ ունեցող ստուգատեսը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան նախապատրաստական փուլում արել են ամեն հնարավորինը, որպիսի Հայաստանի պատվիրակությունը պատշաճ մակարդակով կարողանա ներկայանալ գիմնազիադային, համոզված ենք, որ մեր դպրոցականները պետք է գերազանցեն 2013 թվականին բրազիլիայում կայացաց 15-րդ համաշխարհային գիմնազիադիային ցուցաբերած արդյունքները և ինչպես անհատական այնպես էլ թիմային հաշվարկում գրավեն ավելի բարձր հորիզոնականներ:
Այս առաջնությունը դպրոցական մարզիկների համար կստեղծի լավ հնարավորություն իրենց ուժերը չափելու աշխարհի տարբեր երկրների լավագույն դպրոցական մարզիկների հետ, վերարտադրելու իրենց մարզական հնարավորությունները և ունակությունները, իրականացնելու փորձի փոխանակում և ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ: Մաղթում եմ բոլոր մարզիկներին հաղթանակած վերադարձ»: