ՀՀ և ՌԴ ԱԻՆ համագործակցության արդյունքում 289 քաղաքացի արդեն հայրենիքում է
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին:
ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։
ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Բեսլանի օդանավակայանից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:
Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:
Նշենք, որ հունիսի 23-ից սկսած ՀՀ ԱԻ նախարարությունը ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվական բոլոր խողովակներով պարբերաբար իրազեկել և զգուշացրել է բնակչությանը Լարսի անցակետի փակման մասին` հորդորելով օգտվել այլընտրանքային ճանապարհներից:


