211652_close_icon
views-count1878 դիտում article-date 11:12 04-07-2016

Ջրային տոնախմբություն ամբողջ Երևանում

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Վարդավառին նվիրված տոնական միջոցառումների համատեքստում, նախապես մշակված ծրագրով, միջոցառուներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հիշեցնենք, որ երևանյան Վարդավառը վաղ առավոտյան մեկնարկել էր ջրցան մեքենաների տոնական շքերթով և արձանների լվացմամբ: Ջրի տոնը շարունակվել է բոլոր վարչական շրջաններում: Ավան Վարչական շրջանում, առավոտյան նախ Պայծառակերպության տոնին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել` Սուրբ Աստվածածին եկեղեցում, իսկ Ընտանիքի այգում, ինչպես նաև Իսահակյան,Դուրյան և Քուչակ թաղամասերի այգիներում կազմակերպվել են տոնին համահունչ միջոցառումներ, ջրախաղեր: Արաբկիրի բակերում լրացուցիչ քանակի ջուր են ապահովել ջրցան մեքենաները, իսկ երեխաներին բաժանվել են ջրամղիչ խաղալիքներ և դույլեր, հնչել է երաժշտություն: Դավթաշեն վարչական շրջանի Կենտրոնական այգում էլ տեղի է ունեցել «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառում, բաց են թողնվել խաղաղության խորհրդանիշ աղավնիներ, բաժանվել են ջրային խաղալիքներ ու կազմակերպվել է հյուրասիրություն: Էրեբունիում կազմակերպվել է գեղարվեստական թատերականացված շրջիկ –միջոցառում: Տեղի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում էլ կայացել է համերգային ծրագիր և բեմադրվել է ներկայացում` Տեր Զգոն քահանայի օրհնությամբ: Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Զորավոր եկեղեցու բակում կայացել է համերգային ծրագիր`Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի սաների մասնակցությամբ: Ջրի պակաս չի եղել նաև Նոր Նորք վարչական շրջանում, ուր մի շարք բակեր ու կենտրոնական փողոցներ են շտապել ջրով լցված մեքենաները: Ջրի օրհնության կարգով և հաջորդող ջրախաղով տոնական մեծ արարողություն է կայացել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում: Նորք-Մարաշում կայացել է տոնածիսական արարողություն՝ Նորքի 7-րդ, 15-րդ և 17-րդ փողոցներում: Ազգագրական և տոնին նվիրված երգեր են հնչել վարչական շրջանի աշխատակազմի շենքի տարածքում: Սուրբ պատարագ է մատուցվել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում, որից հետո վարչական շրջանի կենտրոնական փողոցներում և բակերում կազմակերպվել են օրվա խորհրդին համահունչ միջոցառումներ: Ջրառատության խնդիր չեն ունեցել նաև նուբարաշենցի փոքրիկները: Նրանց լիարժեք ջրախաղն ապահովվել է նախապես բաժանված դույլերով: Դույլեր են բաժանել նաև Քանաքեռ-Զեյթունի երեխաներին: Դավիթ Անհաղթի պուրակում էլ կայացել է «Խաղ-ջրոցի» խորագրով միջոցառում: Ջրի տոնը անպակաս է եղել երևանյան կարելի է ասել բոլոր բակերից, ուր առանձին դեպքերում երեխաներին իրենց ակտիվությամբ չեն զիջել ծնողները: Մայրաքաղաքի գլխավոր ջրային գոտիներում՝ Կարապի լճի և Հանրապետության հրապարակի շատրվանների հարակից հատվածներում անցկացվել են օրվա գլխավոր միջոցառումները, որին մասնակցել են բազմաթիվ երևանցիներ և քաղաքի հյուրեր: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր