Երկրաբանությունն ու տեղանքը որևէ կերպ չեն կառավարվում. Վաչե Գաբրիելյանը` Լարսի անցակետի առաջիկա բացման մասին
Հայաստանի կառավարությունն ամեն հնարավոր բան անում է` արագացնելու Լարսի անցակետի վերագործարկումը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Ըստ նրա` աշխատանքներ են տարվում, ամենօրյա կապի մեջ են տրանսպորտի, էկոնոմիկայի, արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր կառույցների հետ:
Վաչե Գաբրիելյանը հույս ունի, որ անցակետի բացումը կլինի ավելի շուտ, քան 45 օրը:
Հարցին, թե տարօրինա՞կ չէ, որ Հայաստանի համար կենսական նշանակության ճանապարհն ամեն տարի` մրգի սեզոնին տհաճ անակնկալներ է մատուցում հայ արտահանողներին ու վարորդներին, Վ. Գաբրիելյանը պատասխանեց` ասելով, որ երկրաբանությունն ու տեղանքը որևէ կերպ կառավարվող պրոցեսներ չեն:
Նա նաև կոչ արեց` խոսել վարորդների ու կազմակերպությունների հետ, որոնք իրականացնում են մասնագիտացված բեռնափոխադրումներ. նրանք կփաստեն, որ ԵՏՄ ապրանքների համար կա առաձնահատուկ վերաբերմունք: