211652_close_icon
views-count2587 դիտում article-date 13:49 28-06-2016

Մենք ինչ ենք անում, պտուղը՝ պտղաջրի հետ թափում ենք. Ա. Ռուստամյանը՝ ԸՕ-ի անիմաստ քննարկումների մասին

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու Ընտրական օրենսգրքին: Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԸՕ-ում փոփոխությունների քննարկմանը հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա Ընտրական օրենսգրքի քննարկումներից տպավորություն է ստացել, որ կան մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն` ամեն ինչ այնպես խճճելու, որ ամեն ինչ խառնվի իրար ու ոչ ոք չհասկանա, թե ինչ ենք ուզում անել: «Եկեք դադարեցնենք այս ոճը, սա բերելու է, ի վերջո, նրան, որ պտուղը պտղաջրի հետ թափենք: Ես հասկանում եմ, որ մարդիկ կան, որոնք պտուղն ու պտղաջուրն իրարից չեն տարբերում, կամ կարող են գույներն այնքան խտացնել, որ դրանք կարող են լղոզվեն՝ դառնան նույն զանգվածը: Կան մարդիկ, որոնք այդ պտղաբերության մեջ չեն մասնակցել, իրենց ձեռք չի տալիս, որ այդ պտուղը լինի, որովհետև իրենց քաղաքական շահը ենթադրում է, որ ամեն ինչ պետք է վատ լինի: Ո՚՞նց կարա մի բան լավ լինի, ո՞նց կարա ինչ-որ մի պտուղ առաջանա մեր երկրում: Այդպես շարժվելով՝ ոչնչի չենք հասել, երբ դրել ենք «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, միշտ հասել ենք ոչնչի»,-կոչ արեց Արմեն Ռուստամյանը: Պատգամավորի գնահատմամբ՝ ԸՕ-ի վերաբերյալ իշխանություն-ընդդիմություն քննարկումներն այնքան աննախադեպ էին, որ գրեթե Սահմանադրության նման մի բան է ընդունվելիք փաստաթուղթը, որը, սակայն, նաև այդ լրջագույն համաձայնությունը, հիմա փորձում են ոտքի տակ տալ: Ա. Ռուստամյանը հարցրեց, թե ո՞վ է ասել, որ բոլոր հարցերի շուրջ պետք է լիակատար համաձայնություն լինի, որ սկսեն փառաբանել այն: Ինչ վերաբերում է փոփոխություններն անելու համար պահանջվող ֆինանսներին, ըստ պատգամավորի՝ մինչև հիմա չգիտեի՞ք, որ միջազգային տարբեր կառույցների, որոնց անդամակցում է Հայաստանը, անդամակցում է նաև ինչ-որ ակնկալիքներով, այդ թվում` ֆինանսական: Ուստի, ըստ նրա, պետք չէ ինքնադատափետումը, թե՝ այս ի՞նչ խայտառակություն է, որ փող չունենք: Հիշեցնենք, որ նշված համաձայնության շուրջ դրույթները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է 16 միլիոն դոլար հայթայթել, և, ինչպես նշել էր Դավիթ Հարությունյանը, եթե այդ գումարը չգտնվի, ապա իշխանություն-ընդդիմություն համաձայնությունը կհամարվի առ ոչինչ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց. «Կներեք, բայց ես այդ օրերի իմ աշխատանքը, իմ ստորագրությունը հարգում եմ, եթե մարդիկ կան, որ չեն հարգում, գիշերը փոխվել են, այլ տրամադրությամբ են արթնացել, դա էլ է քաղաքականություն, հայտնի ճշմարտություն կա քաղաքականության մասին, իրենք այդպես են ընկալում քաղաքականությունը»: Հանրապետական պատգամավորը, անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի ելույթին, մեղադրեց, թե ինչից ասես չխոսվեց՝ մոսկվաներից, դավաճանություններից, բայց և նկատեց, որ եթե ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավորները սահմանում էին, մոսկվաներից խոսողների ղեկավարներն օվկիանոսից այն կողմ էին:

Նմանատիպ նյութեր