211652_close_icon
views-count2356 դիտում article-date 12:52 27-06-2016

Տաք եղանակներին ջրային գործոնով պայմանավորված ռիսկերը

Ամառային շոգ եղանակը մարդու օրգանիզմի վրա դրական ազդեցությունից բացի կարող է նաև առաջացնել բազմաթիվ ռիսկեր: Ջերմաստիճանի բարձրացումն անդրադառնում է վարակիչ հիվանդությունների տարածման վրա, ինչը պայմանավորված է հիվանդությունների փոխանցողների բազմացման համար նպաստավոր կլիմայական պայմաններով, ինչպես նաև արտաքին միջավայրում հիվանդությունների հարուցիչների կենսունակության երկարատև պահպանմամբ: Տաք եղանակներին մանրէներն ավելի արագ են բազմանում ինչպես խմելու ջրում, այնպես էլ դեկորատիվ ջրավազանների, գետերի, լճակների աղտոտված հատվածների ջրերում (եթե առկա են աղբակույտեր կամ սննդի օբյեկտներ, որոնց կեղտաջրերը բաց են թողնվում գետերի, լճակների ջրի մեջ կամ ջուրը ճահճացած է): Աղիքային վարակներից խուսափելու համար անհրաժեշտ է երեխաներին արգելել դեկորատիվ ջրավազաններում լողալ, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար, չունեն ջրի մաքրման և ախտահանման համապատասխան կառուցվածք: Լողն արգելվում է նաև գետերի, լճակների աղտոտված ափերով և ջրով հատվածներում: Չի կարելի ձեռքերը, մրգերը, բանջարեղենը, հատապտուղները լվանալ առուների, գետերի, լճերի ջրերով: Անհրաժեշտ է զգոն լինել խմելու ջրի որակի նկատմամբ՝ հոտի, համի, գույնի տեսանելի փոփոխությունների, նստվածքների առկայություն նկատելու դեպքերում այն պետք է օգտագործել միայն եռացնելուց հետո, միաժամանակ ահազանգել ջրամատակարարման համակարգը սպասարկող կազմակերպությանը՝ ջրի որակի հետ կապված խնդիրները բացահայտելու և վերացնելու համար: Ժամանակացույցով կամ ջրամատակարարաման ցանցում վթարավերականգնողական աշխատանքների հետևանքով իրականացված ջրանջատումներից հետո մատակարարվող ջուրն օգտագործել միայն որոշ ժամանակահատված հոսելուց հետո՝ խողովակներում հնարավոր աղտոտումները մաքրելու նպատակով: Ջրի աղտոտման պատճառ կարող է լինել նաև բնակչության կողմից իրականացված ջրագծերի և կոյուղու ապօրինի և սխալ միացումները: Նմանատիպ ապօրինի միացումների մասին տեղեկություն ունենալու դեպքում անհրաժեշտ է ահազանգել ջրամատակարար կազմակերպություն, քանի որ այն կարող է վտանգել է առողջությունը: Ջրի աղտոտման պատճառ կարող է լինել նաև խմելու ջրով տնամերձ այգիների ոռոգումը, քանի որ ռետինե խողովակից ջրանջատման ընթացքում կարող է առաջանալ հակադարձ հոսք, ինչի հետևանքով աղտոտումը կներթափանցի ջրամատակարարման համակարգ՝ առաջացնելով աղիքային վարակների տարածման վտանգ: Ջրով փոխանցվող մանրէային, վիրուսային, սնկային և մակաբուծային հիվանդությունները կանխարգելելու նպատակով խմելու ջուրն անհրաժեշտ է ենթարկել շարունակական ախտահանման:

Նմանատիպ նյութեր