10038 դիտում
23:52 27-06-2016
Միտումնավոր կազմակերպված սովից մահացել են 7,5 մլն մարդ. Հոլոդոմոր
Խորհրդային բռնազավթման տարիների ամենաողբերգական էջերից է 1932-1933թթ. սովը: Ուկրաինայում բոլշևիկները բռնագարվում են ցորենի ամբողջ պաշարները, արգելում ցորենի և հացի մասնավոր վաճառքը: Սկսվում է համատարած սով: Ուկրաինայում սովամահության զոհերի թիվը կազմում է 7,5 մլն մարդ: Սակայն մահվան պատճառ չէին նշում սովը, այն փոխարինում էին «մահվան պատճառն անհայտ է» գրություններով: Սովի մասին տեղեկություններ տարածողները խիստ պատժվում էին: Եթե որևէ մեկը փորձում էր դուրս գալ Ուկրաինայից, նրան ձերբակալում էին և տուն վերադարձնում՝ կրկին սովամահության ենթարկվելու համար։ Ավելի քան 190,000 մարդ փորձում է փախչել այդ տարվա ընթացքում, որոնցից կասկածելիները գնդակահարվում, իսկ մյուսները հետ են վերադարձվում:
Ուկրաինայում զանգվածային սովի մասին առաջինը հրապարակել է նացիստական Գերմանիան 1941թ.: Նա նույնիսկ փորձել է [b]«ԽՍՀՄ-ում սովի մասին»[/b] հարցը բարձրացնել Ազգերի լիգայում: Գերմանիան անհերքելի փաստեր է ներկայացրել, որոնք վկայում են, որ Ուկրանայում 1932-1933թթ. միտումնավոր սովամահության է ենթարկվել 7.910.000 մարդ: Սակայն Ազգերի Լիգան որոշվել է, որ դա քաղաքական հարց է, և գերմանական հայցը փոխանցել Կարմիր խաչին:
[img]/ups/images/0676297001466938376914009.jpg[/img]
Անցյալ դարի 70-ականների վերջում ԱՄՆ-ում և Կանադայում սկսեցին քննարկել Ուկրաինայում խորհրդային բռնազավթման պայմաններում բնակչությանը սովի մատնելու մասին թեման: Դրա բարձրացման գործում առաջնային դեր խաղացին այդ երկրների ուկրաինական համայնքները: 80-ականների սկզբին մեծ արձագանք ստացան Մեծ սովի 50-ամյակին նվիրված միջոցառումները: Առաջին հուշահամալիրը, որը նվիրված էր «Մոսկվայի խորհրդային վարչակարգի կողմից կազմակերպված սով-գենոցիդին», բացվեց 1983թ. Կանադայում:
[img]/ups/images/0779796001466938514393235.jpg[/img]
[i]Հոլոդոմորի հուշարձան Կանադայում[/i]
1984թ. ԱՄՆ Սենատը և Ներկայացուցիչների պալատը օրինագիծ և երկու բանաձև մշակեցին 1932-1933թթ. Ուկրաինայում բնակչությանը սովի մատնելու թեմայով: Ստեղծվեց նույնիսկ հատուկ հանձնաժողով՝ մի շարք կոնգրեսականների մասնակցությամբ և Ջեյմս Մեյսի գլխավորությամբ: Հանձնաժողովի հետաքննության եզրակացությունն է՝ «1932-33թթ. Ուկրաինայում բնակչությանը սովահարությամբ միտումնավոր մահվան են հասցվել»:
[img]/ups/images/0511433001466938411757700.jpg[/img]
[i]Հոլոդոմորի զոհերին նվիրված հուշապատ Վաշինգտոնում[/i]
Այս թեմայի մասին ԽՍՀՄ-ում սկսեցին խոսել Սառը պատերազմի ավարտի և Խորհրդային կայսրության կործանման նախաշեմին, երբ բացվեցին խորհրդային արխիվները և պարզ դարձան տեղի ունեցածի իրական չափերը: 1987թ. դեկտեմբերի 25-ին Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար Վ.Շչերբիցկին առաջին անգամ պաշտոնապես հիշատակեց Ուկրաինայում 1932-1933թթ. զանգվածային և միտումնավոր սովասպանդի մասին:
[img]/ups/images/0961478001466938429939036.jpg[/img]
1988թ. փետրվարի 18-ին «Լիտերատուրնայա Ուկրաինա» թերթում Ա.Մուսիենկոն առաջին անգամ շրջանառության մեջ դրեց «Հոլոդոմոր» բառը՝ օգտագործելով 1932-1933թթ. սովի մասին ԱՄՆ-ում ուկրաինական համայնքների կողմից հաճախ օգտագործվող «հոլոդամորդ» (սպանություն սովի միջոցով) տերմինը: 90-ականների կեսերից «Հոլոդոմոր» բառը հետզհետե մտավ միջազգային փաստաթղթերի մեջ: Ուկրաինացիները Հոլոդոմորը համարեցին ցեղասպանություն և ընդլայնեցին «ցեղասպանություն» հասկացությունը՝ նրա մեջ ներդնելով այնպիսի բնորոշումներ, որոնք չկան ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիայում:
[img]/ups/images/0274290001466938396324168.jpg[/img]
Ամերիկացի պատմաբան Ռոբերտ Կոնքվեստը համոզված է, որ 1932-1933թթ. Հոլոդոմորի պատճառները եղել են համատարած կոլեկտիվացումը, կուլակաթափությունը, խելացի մարդկանց բռնի տեղահանությունը, հացի պահեստավորման հակամարդկային ծրագրերը, ուկրաինական բնակավայրերը բանակի միջոցով շրջափակելը, սովյալների ելքն արգելափակելը: Հետևաբար Ուկրաինայի բնակչության զանգվածային սովամահը հիմնականում խորհրդային ղեկավարության գիտակցված և նպատակաուղղված գործողությունների հետևանք է: Սրան գումարվում է նաև այն գաղտնիությունը, որով պատված էր ուկրաինական ողբերգությունը՝ Ուկրաինայից ուղարկվող նամակները գրաքննության էին ենթարկվում: 30-ականների սովն ուսումնասիրող շվեդ գիտնական Լենարտ Սամուելսոնը կարծում է, որ սովի հիմնական պատճառը ցորենի բերքի պակասը չէր: Ստալինը կարծում էր, որ գյուղացիներն ուղղակի պահում են հացը: Նույնիսկ երբ պարզ դարձավ աղետի չափը, իրավիճակը կարելի էր փրկել, ընդունելով, որ երկրում սով է: Այս պարագայում ԽՍՀՄ-ը կարող էր միջազգային հանրության կողմից օգնություն ստանալ: Պատմաբան Վիկտոր Կոնդրաշովը նշում է, որ 1933թ. ԽՍՀՄ-ը արտահանել է 18 միլիոն ցենտներ հացահատիկ, որով կարելի էր կերակրել մոտ 7 միլիոն մարդ: Բացի այդ, կար նաև հացի պահուստներ՝ 18,2 միլիոն ցենտներ: Սակայն Ստալինը օգնություն չխնդրեց, հացի պահուստներին ձեռք չտվեց, արտահանումից չհրաժարվեց, քանի որ դա կնշանակեր ընդունել սեփական պարտությունը, ընդունել, որ կոլեկտիվացման քաղաքականությունն ձախողվել է:
[img]/ups/images/0240195001466938446314258.jpg[/img]
Հոլոդոմորի վերաբերյալ հրատարակված աշխատանքների մեծ մասում հոլոդոմորի կազմակերպման նպատակ է համարվում ուկրաինական ազգային ինքնության ոչնչացումը՝ «հնազանդեցում սովի միջոցով»: Այդ տարիներին Ուկրաինայում բավական տարածված էին անկախական տրամադրությունները: Եվ ստալինյան վարչակարգը նախահարձակ գործողություններ է իրականացնում ուկրաինացի ժողովրդի դեմ: 1932թ. օգոստոսի 11-ին Ստալինը գրում է իր հայտնի նամակը Կագանովիչին. [b]«Ամենակարևորը հիմա Ուկրաինան է, որտեղ գործերը վատ են և՛ կուսակցական գծով, և՛ խորհրդային… Եթե մենք հիմա չզբաղվենք Ուկրաինայում իրավիճակը շտկելով, ապա Ուկրաինան կարող ենք կորցնել»[/b]:
[img]/ups/images/0684361001466938458170319.jpg[/img]
[i]Լ.Մ. Կագանովիչ, Ի.Վ. Ստալին[/i]
Այս ամենից հետևում է, որ Հոլոդոմորը նախահարձակ պատժիչ գործողություն էր՝ ուղղված ուկրաինացի ժողովրդի դեմ, քանի որ նրա վերածնունդը վտանգ էր ներկայացնում խորհրդային կայսրության միասնությանը և գոյությանը: Այս գործողության ընթացքում արհեստականորեն կազմակերպված սովի միջոցով ջախջախիչ հարված է հասցվել ուկրաինական գյուղացիությանը՝ ժողովրդի հիմնական մասը ֆիզիկապես ոչնչացնելու, հետևաբար, դիմադրության ներուժը քայքայելու նպատակով:
2003թ. ՄԱԿ-ում ընդունվում է [b]«Ուկրաինական ժողովրդի ողբերգության և միլիոնավոր ռուսների, ղազախների ու Պովոլժիեում, Հյուսիսային Կովկասում, Ղազախստանում և ԽՍՀՄ ուրիշ շրջաններում սովից մահացած այլ ազգությունների ներկայացուցիչների հիշատակի մասին»[/b] 36 պետությունների (այդ թվում նաև Ռուսաստանի) համատեղ հայտարարությունը, որտեղ անուղղակի դատապարտվում է Խորհրդային իշխանությունների կողմից կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունը: 2008թ. պատրաստված ՄԱԿ-ի բանաձևն ավելի կոշտ բնորոշումներ ուներ: Նրա սկզբնական տարբերակում Հոլոդոմորը բնորոշվում էր իբրև ցեղասպանություն: Խմբագրված տարբերակում պահպանվել է միայն Հոլոդոմոր անվանումը: Ուկրաինային բավարարում է միջազգային հանրության կողմից Հոլոդոմորի ճանաչումը, իսկ Հոլոդոմորի ամբողջական վերծանումը իբրև ցեղասպանություն արդեն կա Ուկրաինայի ներքին օրենսդրությունում:
2005 թվականից (Վ.Յուշչենկոյի նախագահ ընտրվելուց հետո) Ուկրաինայի կառավարությունը Հոլոդոմորը ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն ճանաչելու քաղաքականություն է վարում: Հոլոդոմորը հանդիսանում է միավորող գաղափար, որը համախմբում է մասնատված Ուկրաինան: Ընդ որում, այդ համախմբումը տեղի է ունենում ոչ միայն ողբերգության հիմքի վրա, այլև հերոսացման, քանի որ մահացածները նահատակվել են այն պատճառով, որ ուկրաինացի էին և ձգտում էին անկախության: Հոլոդոմորի միջազգային ճանաչման գործընթացը գործուն միջոց է «նոր ուկրաինացի» կերտելու համար, որի մտածողության մեջ ռուսները սովասպանդ կազմակերպած ազգ են: Բացի այդ, Հոլոդոմորի թեման համախմբում է ամբողջ աշխարհի ուկրաինացիներին, նպաստում է, որ ԱՄՆ-ի, Կանադայի, Արգենտինայի ուկրաինական համայնքները, որոնք զգալի քաղաքական և ֆինանսական ազդեցություն ունեն, ներդրումներ անեն Ուկրաինայի տնտեսության մեջ:
[img]/ups/images/0111739001466938485466529.jpg[/img]
[i]Հոլոդոմորի հիշատակին նիվիրված երթ Կիևում[/i]
Առաջին անգամ Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրը սահմանվել է 1998 թվականին՝ Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանով: Ամեն տարի նոյեմբերի վերջին շաբաթվա ընթացքում անց են կացվում հոլոդոմորի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Ամբողջ աշխարհով մեկ կազմակերպվում են ցուցադրություններ և դասախոսություններ: Ուկրաինայում աշխատում է հատուկ գիտահետազոտական հաստատություն՝ Ազգային հիշողության ուկրաինական ինստիտուտը, որի հիմնական առաքելությունն է այս հարցի լուսաբանումը: Հոլոդոմորի հիշատակի օրը Ուկրաինայի բոլոր մարզկենտրոնների կենտրոնական հրապարակներում անցկացվում են սգո միջոցառումներ, համազգային լռության րոպե և «Հիշատակի մոմ վառի՛ր» ակցիան: Հոլոդոմորի զոհերի հիշատակը նշվում է նաև աշխարհի բազմաթիվ երկրներում:
[img]/ups/images/0361016001466938497910169.jpg[/img]
[i]Հոլոդոմորի հուշահամալիրը Կիևում[/i]
Հոլոդոմորը ցեղասպանական գործողություն են ճանաչել՝ Էստոնիան, Ավստրալիան, Ուկրանիան, Կանադան, Հունգարիան, Իտալիան, Վատիկանը, Լիտվան, Վրաստանը, Լեհաստանը, Պերուն , Բրազիլիան, Պարագվայը, Էկվադորը, Կոլումբիան, Մեքսիկան, Լատվիան, Չեխիան, Սլովակիան, Անդորան: Հոլոդոմորը ճանաչել և դատապարտել են նաև Արգենիտայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Կանադայի, Իտալիայի մի շարք մունիցիպալ և նահանգային իշխանությունների մարմիններ:
ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարցերի հանձնաժողովը Հոլոդոմորը որակել է որպես ցեղասպնություն: Եվրամիությունը Հոլոդոմորը որակել է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություն: Հոլոդոմորը դատապարտել է Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ պապը: Հոլոդոմորը դատապատել են ԵԽԽՎ-ն, ԵԱՀԿ-ն: Ռուսաստանը 2008-ին պաշտոնապես դատապարտել է խորհրդային իշխանությունների անմարդկային գործողությունները, սակայն Հոլոդոմորը որպես ցեղասպանություն չի ճանաչել: Հոլոդոմորի միջազգային ճանաչումն ու դատապարտումը բորբոքում և նյարդայնացնում է Ռուսաստանին: Նա ընդունում է, որ Ուկրաինայում 1932-1933թթ. սովից մահացել են 1.489.100 մարդ: Սակայն ռուսները փորձում են ամեն կերպ հերքել, որ Հոլոդոմորը կազմակերպված և ուղղված է եղել ուկրաինացիների դեմ: [b]«Ուկրաինայում տեղի ունեցած սովի և ԽՍՀՄ այլ շրջաններում տեղի ունեցած սովի միջև ինչ-որ «որակական տարբերությունների» մասին մտորումները, մեր կարծիքով, ուղղակի ցինիկ և անբարոյական են»[/b],- գրել է ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևը Ուկրաինայի նախագահ Վ.Յուշչենկոյին, բացատրելով, թե ինչու հնարավոր չի համարում իր մասնակցությունն Ուկրաինայում նշվող «հոլոդոմորի» 75-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումներին:
[img]/ups/images/0705722001466938528994201.jpg[/img]
[i]Հոլոդոմորի հուշարձաններ Ուկրաինայում[/i]
2008թ. նոյեմբերի 17-22-ը Ուկրաինայում և ամբողջ աշխարհում անցկացվեցին Հոլոդոմորի 75-ամյակին նվիրված միջոցառումներ: Նոյեմբերի 23-ին Հռոմի Բենեդիկտոս XVI պապը Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում իր կիրակնօրյա հայրապետական խոսքում հատուկ հիշատակեց Հոլոդոմորի զոհերի մասին: Երևանի Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպվեց Հոլոդոմորի հիշատակի միջոցառում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
9554 դիտում
12:08 05-03-2017
Սոմալիում 2 օրում 100-ից ավելի մարդ է սովից մահացել
879 դիտում
10:13 09-07-2022
ՄԱԿ. 2021 թվականին սովից տուժել է ավելի քան 800 միլիոն մարդ․ «Ամերիկայի ձայն»
835 դիտում
16:33 19-06-2024
Սուդանում շուրջ 18 միլիոն մարդ տառապում է սուր սովից. ՄԱԿ
Այս բաժնից
2536 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել