211652_close_icon
views-count3171 դիտում article-date 21:47 18-06-2016

Աշոտ Ղուլյանն ընդունել է բելգիացի խորհրդարանական Պիտ դե Բրույնին

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 18-ին ընդունել է Բելգիայի Սենատի պատգամավոր, ԵԽԽՎ-ում բելգիական պատվիրակության անդամ Պիտ դե Բրույնին: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Դավիթ Մելքումյանը և այցի ընթացքում բելգիացի խորհրդարանականին ուղեկցող ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն ու Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը: Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ փաստել է, որ անցյալ տարվա սեպտեմբերից բելգիացի խորհրդարանականների հետ շփումներն ակտիվացել են, ինչը լավ հիմքեր է ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել եվրոպացի պատգամավորի՝ Արցախ այցելելու և ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքներին տեղում ծանոթանալու որոշումը: Անդրադառնալով ղարաբաղյան խնդրի պատմությանը և ներկայիս զարգացումներին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ուղղված է բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է ղարաբաղյան հիմնախնդրի էության և բանակցային ձևաչափի նենգափոխմամբ, այդ ջանքերն առայսօր արդյունք չեն տվել: «Մեր գործընկերները պետք է հասկանան, որ Արցախի միջազգային ճանաչումը նրա ժողովրդի համար կյանքի իրավունքի ամրագրում է», – նշել է Աշոտ Ղուլյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պիտ դե Բրույնը իր հերթին հետաքրքվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին ամիսների գործունեությամբ, ինչպես նաև Արցախի խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանն ու միջխորհրդարանական կապերին վերաբերող հարցերով: Նշենք, որ նախօրեին Արցախ ժամանած Բելգիայի Սենատի պատգամավորն այսօր առավոտյան այցելել է Մարտակերտ, հանդիպել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանին, ապա մեկնել Թալիշ և ծանոթացել ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին:

Նմանատիպ նյութեր