211652_close_icon
views-count1958 դիտում article-date 20:00 17-06-2016

Դասընթացներ Հայաստան-ԵՄ համագործակցության մասին

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի ղեկավար Սամվել Կարաբեկյանն այսօր Հայաստանի ֆրանսիական համալսարանում ստորագրել են համագործակցության հուշագիր: Ստորագրման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արատակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շաղպանտյեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը, ԵՄ պատվիրակության, ՀՀ հանրակրթական, միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ: Այն նպատակ ունի բարձրացնել հայաստանյան հանրակրթական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում Եվրոպական Միության (ԵՄ) վերաբերյալ տեղեկացվածությունը: Ծրագրի հիմքում դրված է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի՝ կրթական բաղադրիչը: Նախատեսվում է ԵՄ մասին առարկայական ծրագրերի, դպրոցական մոդուլային դասագրքերի և համալսարանական ձեռնարկների բարելավում և ծրագրում ներգրավված դասավանդողների կարողությունների զարգացում՝ վերապատրաստումների միջոցով: Դասընթացները կնպաստեն սովորողների շրջանում Եվրոպական Միության քաղաքականության և արժեքների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը:

Նմանատիպ նյութեր