6944 դիտում
20:13 16-06-2016
Դ. Բաբայանը ծիծաղելի է համարում Ադրբեջանի տարածած տեղեկությունը Բ. Սահակյանի` Բրյուսել այցելության վերաբերյալ
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ծիծաղելի է համարում ադրբեջանական լրատվամիջոցների և արտգործնախարարության տարածած տեղեկություններն այն մասին, թե Բակո Սահակյանը Բրյուսել այցելել է կեղծ փաստաթղթերով: «Վիզաները կեղծելու վերաբերյալ տեղեկատվությունը, որը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում կատարելով իրենց արտգործնախարարությանը և պետական մարմիններին, պարզապես ծիծաղելի է, որովհետև արտասահման, մասնավորապես, ԵՄ երկրներ մեկնելու համար անհնար է կեղծել վիզաներ: Եթե այդ մարդիկ չեն եղել արտասահմանում կամ չեն գնացել դիվանագիտական ներկայացուցչություններ, ուրեմն դա ուրիշ մի խնդիր է, բայց եթե տեսել են այդ գործընթացները, ուրեմն պետք է իմանան, որ այստեղ կեղծիքն անհնար է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը նման ապատեղեկատվություններ տարածում է երկու պատճառով: «Ադրբեջանը զգում է, որ չի կարողանում որևէ բան անել Արցախի հարաբերությունները տարբեր երկրների հետ զսպելու ուղղությամբ: Այսինքն, սա անկարողության դրսևորում է: Եվ երկրորդը` սա պարզապես շանտաժ է: Շանտաժ, որը հիմնականում այսպես կենտրոնացված է մի անհեթեթ պատճառաբանության վրա, թե իբր կեղծում են այդ վիզաները: Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանում և այդ երկրի արտգործնախարարությունում լուրջ խնդիրներ կան տրամաբանության հետ: Այս ամենը մեզ ոչ թե անհանգստացնում է, այլ պարզապես լավ առիթ տալիս ուրախանալու համար և տեսնելու, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ»,- ընդգծեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Հարցին` նման ապատեղեկատվությունների տարածումը կամ սահմանին լարվածության ավելացումը կապվո՞ւմ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպման հետ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Սովորաբար նրանք ավելի ակտիվանում են հանդիպումների ժամանակ, տարբեր տեղեկություններ են սփռում: Այս առումով ինչ-որ ձևով կապ ունի, բայց նաև Ադրբեջանը վերջին այս այցելության ժամանակ, քանի որ մենք տեղեկացել ենք, որ տեղի են ունեցել կարևոր հանդիպումներ, չի կարողանում այս փաստերը հանգիստ ընդունել, դա առաջացնում է հիստերիա, որից էլ բխում են անհեթեթ մեկնաբանությունները»:
Խոսելով Ադրբեջանի «սև ցուցակի» մասին Բաբայանը նշեց, որ նման երևույթը պետք է դատապարտելի լինի քաղաքակիրթ աշխարհի կողմից, քանի որ ֆաշիստական համակարգի տապալումից հետո որևէ մեկը այդպիսի «սև ցուցակներ» չուներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
8708 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
3483 դիտում
12:14 29-07-2015
ԼՂՀ ՊՆ-ն հերքում է անօդաչուի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը