211652_close_icon

Դեսպան Վարդանյանի հանդիպումները Ֆիլիպիններում

views-count2127 դիտում article-date 23:45 15-06-2016
Ֆիլիպիններ աշխատանքային այցի շրջանակներում համատեղության կարգով Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը հունիսի 14-ին հանդիպում ունեցավ Արտաքին գործերի քարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մանալոյի հետ: Հանդիպմանը քննարկվեց երկկողմ հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, տարբեր միջազգային կառույցներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Կարևորվեց երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացումը: Էնրիկե Մալանոն վերահաստատեց Ֆիլիպինների պատրաստակամությունը՝ սերտացնելու Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը հնարավոր բոլոր ուղղություններով: Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց շարունակել գիտակրթական, մշակութային, տնտեսական, ներդրումային ոլորտներում փոխգործակցության խթանմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին կովկասյան և ասիական տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ: ԱԳ քարտուղարի տեղակալի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը և ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Նույն օրը տեղի ունեցավ Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի առաջին հանդիպումը, որի կազմում են կրթական, գիտական և մշակույթի ոլորտները ներկայացնող գործիչներ։ Բացելով միջոցառումը՝ դեսպան Վարդանյանը ողջունել է Հայ-ֆիլիպինյան բարեկամության խմբի անդամներին և հույս հայտնել, որ Ֆիլիպինների հասարակության տարբեր շրջանակներում Հայաստանը ներկայացնելու կարևոր առաքելությանը զուգահեռ խումբը նաև իր կարևոր ներդրումը կունենա տնտեսական, մշակութային, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ փոխշահավետ համագործակցության զարգացման խթանման գործում: Բարեկամության խմբի նախագահ, «Մանիլարտ» մշակութային հիմնադրամի նախագահ Էյմի Լոստեն իր ելույթում ընդգծեց խմբի անդամների պատրաստակամությունը՝ հետևողական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև կապերը զարգացնելու ուղղությամբ: Հունիսի 16-ին Ֆիլիպինների ամենահին եկեղեցին հանդիսացող Սբ. Ավգուստին եկեղեցում մատուցվելու է սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

Նմանատիպ նյութեր