211652_close_icon
views-count2944 դիտում article-date 21:30 15-06-2016

Հունիսի 14-ին «Բյուրոկրատ» գրախանութում տեղի ունեցավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Աբրահամ Գասպարյանի գրքի շնորհանդեսը

«Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» գիրքը Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի հեռուստավերլուծաբան և ավագ մեկնաբան Աբրահամ Գասպարյանի առաջին գիրքն է: Այն նախատեսված է միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության, դիվանագիտության և արևելագիտության բաժիններում սովորող ուսանողների, փորձագետների, քաղաքական ժուռնալիստիկայի մասնագետների և մերձավորարևելյան ուսումնասիրություններով հետաքրքրվողների համար: Գիրքը վերահրատարակություն է, որի առաջին տպագրությունը սպառվել է մի քանի օրում: Մասնագիտական գիտական աշխատությունը վերահրատարակվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության ֆինանսական աջակցությամբ: Այն ոլորտով հետաքրքրվողներին տրամադրվելու է անվճար: Աբրահամ Գասպարյանն իր ուսումնասիրությունը համարում է դասախոսական նյութերի ժողովածու, որն ընդգրկում է Մերձավոր Արևելքի պետությունների ներքաղաքական գործընթացների, տարածաշրջանի վրա միջազգային դերակատարների ազդեցության, աշխարհաքաղաքական ու աշխարհառազմավարական գոտիների, ռազմաքաղաքացիական հարաբերությունների, օրինական ու մարգինալ քաղաքական սուբյեկտների, շահերի խմբերի ու քաղաքական հովանավորչության վերաբերյալ թեմատիկ դասախոսություններ: Պարոն Գասպարյանը նշեց, որ գիրքը մոտ մեկուկես տասնամյակի գիտական աշխատանքի արդյունք է: Հեղինակն ուսումնասիրել է նաև արաբական գիտնականների գաղտնազերծած փաստաթղթերը, որոնք լույս են սփռում մերձավորարևելյան քաղաքական որոշ գործընթացների վրա: Ուսումնասիրությունների արդյունքում նա հանգել է մի շարք եզրակացությունների, հետևություններ արել, ինչն էլ նպաստել է գրքի լույսընծայմանը: «Ներքաղաքական գործընթացների իրողությունները Մերձավոր Արևելքում» գիրքը թեմայի վերաբերյալ առաջին լուրջ գիտական աշխատությունն է, որը հրատարակության է երաշխավորել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհուրդը: Նշենք, որ գրքի առաջին և երկրորդ հրատարակությունները միասին կազմում են 300 օրինակ:

Նմանատիպ նյութեր