211652_close_icon
views-count1020 դիտում article-date 15:53 15-06-2016

Երևանի քաղաքապետարանում բացվել է «Ընթերցող Երևան» գրքի ցուցահանդես-տոնավաճառը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Թարգմանչաց տոնի առթիվ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Ընթերցող Երևան» խորագրով գրքի ցուցահանդես-տոնավաճառը: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով ներկաներին՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ «Երևանյան ամառ» ծրագրում ավանդաբար ընդգրկված են գրքին ու գրականությանը նվիրված տարբեր միջոցառումներ, և խորհրդանշական է, որ արդեն 2-րդ անգամ դրանք համընկնում են Թարգմանչաց տոնին: «2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակումից հետո մենք շարունակաբար միջազգային տարբեր միջոցառումների և բիենալեների մասնակցությամբ փորձում ենք բարձր պահել Երևանի համբավը միջազգային հարթակներում, ինչն, իհարկե, արդյունք տալիս է: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մայրաքաղաքում շուրջ 10-12 տոկոսով աճել է գրադարանների ընթերցողների թիվը: Սա իսկապես շատ կարևոր և ուրախալի փաստ է: Այս ցուցանիշը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, որոնցից առաջինը, թերևս, գրադարանների հիմնանորոգման քաղաքապետարանի ծրագիրն էր, և այսօր արդեն ուրախությամբ կարող ենք փաստել, որ քաղաքապետարանի ենթակայության բոլոր գրադարաններն իրենց մասնաճյուղերով վերանորոգված են և ապահովված բոլոր հարմարություններով»,- նշել է Արամ Սուքիասյանը: Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են տասնյակից ավելի հրատարակչություններ ու գրախանութներ՝ հայկական և արտասահմանյան գեղարվեստական, հոգևոր, մասնագիտական ու մանկական գրականությամբ, թարգամանություններով: «Վերջին տարիներին հրատարակիչները հատկապես մեծ ուշադրություն են դարձնում մանկական գրականությանը, մասնավորապես գրքերի որակին, դրանց էկոլոգիապես մաքուր լինելուն: Այս ամենը գրականության հանդեպ նոր մշակույթի ձևավորում է, որն անչափ կարևոր է և ուրախալի»,-նշել է Արամ Սուքիասյանը: Ի դեպ, ցուցահանդեսին առանձին ներկայացվել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում խնամքով ու հատուկ պայմաններում պահպանվող Երևանի մասին պատմող բացառիկ հրատարակություններ: Օրվա ընթացքում կլինեն գրքերի շնորհանդեսներ: Միջոցառումը կուղեկցվի նաև ասմունքով: «Ընթերցող Երևան» ծրագիրը կշարունակվի նաև երեկոյան. գրական բոհեմ համերգ-երեկո՝ պոետների, երգիչ-երգահանների ու ասմունքողների մասնակցությամբ: Ցուցահանդես-վաճառքը գործելու է հունիսի 15-ին և 16-ին: Մուտքն ազատ է:

Նմանատիպ նյութեր