211652_close_icon

Այսօր ԵՊՀ պատմության թանգարանում տեղի ունեցավ Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալի ներկայացումը

views-count1879 դիտում article-date 23:57 09-06-2016
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորներ, ֆակուլտետների դեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, հայաստանյան այլ բուհերի կարիերայի կենտրոնների տնօրեններ, ինչպես նաև Մայր բուհի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և ուսանողներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջույնի իր խոսքում նշեց, որ պորտալի ստեղծումը հնարավորություն կտա ավելի ամրապնդելու ուսանողների և գործարար աշխարհի միջև կապը. «Այն կարևոր գործիք կդառնա ոչ միայն համալսարանի վարչակազմի և ուսանողների, այլև գործատուների համար: Ակնկալվում է, որ այն կհեշտացնի նաև տեղեկատվության հավաքագրումը և դասակարգումը: Մեզանում այսօր աշխատաշուկան դեռևս ձևավորված չէ, այն դեռ ճանապարհ ունի անցնելու, բայց մենք չենք սպասի, այլ կփորձենք այս կերպ աջակցել ու օգնել դրա կայացմանը»: ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ներկայացնելով ձեռնարկությունների հետ համագործակցության շրջանակներում ԵՊՀ-ում իրականացվող աշխատանքները, հույս հայտնեց, որ պորտալը կդառնա ուսանողների կողմից հաճախ օգտագործվող, աշխատաշուկայում նրանց մրցունակությանը նպաստող կարևոր ինտերնետային գործիք: «Մենք մեր ռազմավարությամբ ամրագրել ենք ձեռնարկությունների հետ համագործակցության մի շարք գերակա ուղղություններ, որոնցից են ձեռնարկությունների մասնակցությունը կրթական ծրագրերի մշակմանը և իրականացմանը, պրակտիկաների կազմակերպումը, թափուր աշխատատեղերի համալրումը, լրացուցիչ դասընթացների իրականացումը և այլն»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը: Պարոն Մարկոսյանը հավելեց նաև, որ տեղեկատվական տեխնոլոգիաների տեսանկյունից այս գործիքը համարվում է պորտալ, քանի որ դրա տեղեկատվությունը միաժամանակ փոխլրացվում է մի շարք կայքերում: Պորտալում ներկայացված են ԵՊՀ գործընկեր ձեռնարկությունների տվյալների բազան՝ ըստ ոլորտների, ձեռնարկությունների հետ համագործակցության ֆակուլտետային խորհուրդների կազմը, իրականացված աշխատանքները, ինչպես նաև հայտարարություններ պրակտիկաների, աշխատանքային հնարավորությունների, դասընթացների վերաբերյալ: Պորտալի միջոցով լայն հանրությանը հասանելի կլինի նաև ԵՊՀ-ձեռնարկություններ փոխգործակցության գործընթացի վերաբերյալ առցանց հաշվետվությունը: Ձեռնարկությունների հետ աշխատանքները համակարգվում է ԵՊՀ գիտական խորհրդին կից ձեռնարկությունների հետ համագործակցություն ապահովող մշտական հանձնաժողովի կողմից, որը ստեղծվել է 2013 թ.-ին Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ ու ԵՊՀ գիտական խորհրդի հաստատմամբ: Հանձնաժողովի նախագահը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն է, աշխատակազմում ընդգրկված են բոլոր պրոռեկտորները, ֆակուլտետների դեկանները, վարչական ենթակառուցվածքների մի շարք ղեկավարներ, ուսանողական կառույցների ներկայացուցիչներ: Հանձնաժողովի քարտուղարությունն իրականացնում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը: Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանն էլ ներկայացրեց ուսումնասիրության արդյունքները, թե ինչպես են արտասահմանյան առաջատար բուհերում աշխատում կարիերայի ուղղորդման ռեսուրսները: Այնուհետև կենտրոնի աշխատակցուհի Արծվիկ Սարգսյանը տեսապատկերի միջոցով ներկաներին ցույց տվեց, թե ինչպես և ինչ գործառույթներ է իրականացնում Ձեռնարկությունների հետ ԵՊՀ համագործակցության պորտալը: Հավելենք, որ պորտալը ամբողջական է դարձել Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու Հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության կողմից, իսկ տեխնիկական մասն ապահովել է Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը:

Նմանատիպ նյութեր