Հարություն Պողոսյանը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության պատվոգրով
Հունիսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղադրված «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր» կառույցի պատասխանատու Հարություն Պողոսյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը արժևորեց Նիդերլանդների, հատկապես՝ Ալմելո քաղաքի հայկական համայնքի կազմակերպվածությունն համախմբվածությունը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ, որ ձեր համայքը միասնական է, շատ ազգանպաստ գործեր եք անում: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Ալմելո քաղաքում տեղադրվել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր»ը, 2015թ. ապրիլին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ցուցադրվել է «Վանա ծովուն արշալույսը» գեղարվեստական ֆիլմը: Նաև՝ ակտիվ մասնակցում եք Սփյուռքի նախարարության՝ հայապահպանությանն ուղղված ծրագրերին: Կարևորում եմ, որ ձեր բնակության երկրի լավ քաղաքացիներ լինեք, բայց պահպանեք ձեր ազգային ինքնությունը, ավանդույթները, հայերենը չմոռանաք»:
Հաշվի առնելով Հարություն Պողոսյանի ներդումը Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նրան պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով:
Հարություն Պողոսյանը շնորհակալություն հայտնեց պարգևի համար և նշեց, որ բարձր գնահատականը ոգևորող է և պարտավորեցնող: