211652_close_icon
views-count2361 դիտում article-date 14:56 06-06-2016

ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Իրանի Մեջլիսի նախագահի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 5-ին Թեհրանում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի՝ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իրանի օրենսդիր մարմնի ղեկավարը նշեց, որ հայ-իրանական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Իրանի Մեջլիսը կշարունակի իր նպաստը բերել դրանք առավել խորացնելու համար։ Էդվարդ Նալբանդյանը Ալի Լարիջանիին փոխանցեց Հայաստանի ղեկավարության շնորհավորանքներն ու բարեմաղթանքները՝ Իրանի խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Զրուցակիցները բարձր գնահատեցին երկկողմ հարաբերությունների զարգացման գործում խորհրդարանների և օրենսդիր մարմիններում գործող բարեկամության խմբերի դերակատարությունը։ Երկուստեք կարևորվեց իրանահայ համայնքի ներդրումը երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում։ Ալի Լարիջանին առանձնահատուկ նշեց, որ հանդիպմանը ներկա Իրանի խորհրդարանի հայազգի երկու պատգամավորներ՝ Կարեն Խանլարյանը և Ժորժիկ Աբրահամյանը, իրենց կարևոր նպաստն են բերում այդ գործին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն Իրանի Մեջլիսի նախագահին հանգամանալից ներկայացրեց այս տարվա ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերը: Զրուցակիցները համակարծիք էին, որ հակամարտությունների խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Տնտեսական համագործակցության համատեքստում Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Լարիջանին քննարկեցին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև փոխգործակցության հեռանկարները: Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանը այցելեց «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Իրանի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած իր հանդիպումները և Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում գտնվող հարցերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր