211652_close_icon
views-count2044 դիտում article-date 17:35 31-05-2016

Երևանի բնակիչը մեղադրվում է կնոջն ու դստերը ծեծի ենթարկելու, ինչպես նաև՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին՝ իրենց բնակարանում կնոջն ու դստերը ծեծելու, ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 2016 թվականի մայիսի 24-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկի բնակիչը վիճաբանում է կնոջ ու դստեր հետ, ծեծի ենթարկում նրանց: Նույն օրը նշված ահազանգի հիման վրա նշված վայր է մեկնել ոստիկանության տեսուչ Ս. Մինասյանը, ում նկատմամբ ևս կիրառվել է բռնություն։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի և 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2016 թվականի մայիսի 24-ին Երևանի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկում Ս. Աբրահամյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է ընտանիքի անդամների՝ կնոջ և դստեր հետ, ծեծել նրանց։ Այնուհետև վիճաբանել է ահազանգի հիման վրա բնակարան մեկնած ոստիկանության տեսուչի հետ, մի քանի անգամ հարվածել նրան, պոկել նրա ուսադիրը, պատռել թղթապանակը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 118-րդ հոդվածով (ծեծ): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր