1262 դիտում
21:48 24-05-2016
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի
Մայիսի 23-24-ին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի ղեկավարությամբ ՀՀ պատվիրակությունը Ստամբուլում մասնակցեց Համաշխարհային մարդասիրական գագաթաժողովի աշխատանքներին: Մարդկության առջև ներկայումս ծառացած մարդասիրական խնդիրներին և նրանց հաղթահարման ուղիների որոնմանը նվիրված գագաթաժողովը կազմակերպվել էր ՄԱԿ-ի կողմից և առաջինն էր իր տեսակի մեջ:
ՀՀ փոխնախարարը ելույթ ունեցավ գագաթաժողովի լիագումար նիստում և իր ելույթում մասնավորապես նշեց.
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից վերջերս իրականացված զարհուրելի բարբարոսությունը, ներառյալ քաղաքացիական բնակչության` հատկապես երեխաների, կանանց և տարեցների, ինչպես նաև քաղաքացիական հաստատությունների` ներառյալ դպրոցների ու մանկապարտեզների, դիտավորյալ ու համատարած թիրախավորումը, սպանությունները, գլխատումները, խոշտանգումները ու զոհերի մարմինների անդամահատումներն անհամատեղելի են քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի հետ: Այս ամենն արդյունք են հայերի հանդեպ ռասիզմի, անհանդուրժողականության ու ատելության խրախուսման երկարատև քաղաքականության, որն իրականացվում է ուղղակիորեն Ադրբեջանի իշխանությունների կողմից թողտվության պայմաններում: Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ ու կանոնավոր խախտումները և բարձրագույն քաղաքական մակարդակով` հանցագործություններում անմիջականորեն ներգրավված անձանց փառաբանումն ինքնին հանդիսանում են մարդկության դեմ կատարված և պատերազմական հանցագործություններ:››
Անդրադառնալով նախորդ օրը գագաթաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթին, Աշոտ Հովակիմյանը շեշտեց, որ ‹‹Ադրբեջանի նախագահը, ով կրում է անձնական պատասխանատվություն ագրեսիան նախաձեռնելու, ահաբեկիչներին և ԻԼԻՊ-ի ոճով բարբարոսությունների իրականացնողներին փառաբանելու գործում, երեկ այս բարձր ամբիոնից տարածում էր հորինված մեղադրանքներ հայերի հանդեպ: Նրա արտաբերած ստերը չունեն որևէ կապ իրականության հետ: Հայաստանը միանշանակ չունի միջուկային ռումբ ստեղծելու ծրագրեր, և իհարկե Հայաստանի զինված ուժերը երբևէ չեն կիրառել քիմիական զենք: Հաշվի առնելով, թե Ադրբեջանի նախագահը որքան հաճույք է ստանում, մեջբերելով Հայաստանի նախկին պաշտոնյաների խոսքերը, վստահաբար ավելի լավ կլիներ, եթե նա հղում կատարեր իր նախորդներից մեկին, ով մեղադրում էր Ադրբեջանի այդ ժամանակվա քաղաքական ղեկավարությանն` իր իսկ սեփական ժողովրդին Խոջալուում կոտորելու համար»:
Փոխնախարարն անդրադարձավ նաև Սիրիայից Հայաստան ժամանած փախստականների հարցերին և Հայաստանի իշխանությունների կողմից նրանց ապաստան տրամադրելու աշխատանքներին: Նա նաև կարևորեց միջազգային հանրության կողմից փախստականներին ու տեղահանվածներին տրվող աջակցությանը, շեշտելով, որ արժանապատվությունը, մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները պետք է ունենան համընդհանուր կիրառելիություն` անկախ մարդկանց բնակվելու վայրի կարգավիճակից:
ՀՀ պատվիրակությունը մասնակցեց նաև հարակից ընթացող կլոր սեղանի քննարկումներին` նվիրված հակամարտությունների կասեցման, փախստականների ու տեղահանվածների օժանդկակության խնդիրներին: ՀՀ փոխնախարարը մասնակցեց ու ելույթ ունեցավ նաև Լիխտենշթայնի ԱԳՆ-ի կողմից կազմակերպված հարակից միջոցառմանը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելման խնդիրներին:
Նմանատիպ նյութեր
879 դիտում
21:29 17-09-2014
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումները Ժնևում
870 դիտում
20:35 11-03-2015
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի հանդիպումը Մարշալ և Ռոբերտ Բոշ հիմնադրամների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
595 դիտում
18:00 23-11-2024
ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությունը նոր շունչ կտա ՀՀ-ԵՄ համագործակցությաը․ ՆԳ նախարար
1030 դիտում
16:57 23-11-2024
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հետևել է Նոր Հաճնի կամրջի շինաշխատանքներին
1186 դիտում
16:28 23-11-2024
Հայկ Մամիջանյանը, Տարոն Մարգարյանը և Հայկ Սարգսյանը կգործուղվեն Մոսկվա