211652_close_icon
views-count1624 դիտում article-date 13:12 24-05-2016

ՀՀ ԿԳ նախարարն այցելել է Շիրակի մարզ, հանդիպել մարզի ուսհաստատությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախօրեին աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ: Առաջին կանգառը Գյումրու Օյունջյան վարժարանում էր, որտեղ նա հանդիպում է ունեցել մարզի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ: Կրթական համակարգի սպասվող փոփոխությունների, առկա խնդիրների և, ընդհանրապես, ոլորտի վերաբերյալ տարաբնույթ հարցերով նախարարը հանդես է եկել ծավալուն ելույթով: Նա ընդգծել է, որ կրթության ոլորտի կառուցվածքի առումով անցած տարիների ընթացքում բավականին լուրջ հենք է ստեղծվել, և այժմ ժամանակն է քայլ կատարել դեպի երկրորդ փուլ և կրթության նոր կառուցվածքն ապահովել ժամանակակից պահանջներին համապատասխան բովանդակությամբ: "Տարիներ առաջ կրթական բարեփոխուﬓերը սկսեցինք "Որակ և համապատասխանություն" կարգախոսով ու սկսեցինք խորհրդային կրթակարգը համապատասխանեցնել նոր կրթական չափանիշներին: Այս տարիների ընթացքում կառուցվածքային փոփոխություններ կատարվեցին. խոսքը վերաբերում է 12- ամյա կրթակարգին, բուհական եռաստիճան համակարգին, նախադպրոցական, ﬕջին մասնագիտական կրթության ոլորտներին: Այդ փոփոխությունների ընթացքում, բնականաբար, տեղի ունեցավ որոշակի որակական անկում, և շատ կարևոր է, որ կարողանանք ձևաչափը որակական առումով փոփոխել, ընդ որում` փոփոխությունները պետք է սկսել հենց հանրակրթությունից",-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ արդեն մշակվել և կառավարություն է ներկայացվել 2017-2027 թվականների կրթության զարգացման տասնամյա ծրագիրը: "Այս ծրագրում փորձել ենք տալ կրթության տեսլականը, այսինքն՝ ինքնանպատակ չէ կրթված մարդու ձևավորումը, ինքնանպատակ չէ կրթություն ստանալը, քանի որ կրթված մարդ ունենալն ընդամենը միջոց է` պետական, ազգային նպատակներին հասնելու համար: Բազմիցս ասել եմ և Գյումրիում ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. կրթությունը միջոց է ինչ-որ նպատակ իրականացնելու համար: Աշխարհում չկա միջազգային կրթություն, կան միջազգային քաղաքակրթական նորմեր, միջազգային չափանիշներ, կան ընդհանուր սկզբունքներ, բայց կրթությունը տվյալ ազգինն է: Կա անգլիական կրթություն, կա ռուսական, կա գերմանական, ֆրանսիական, մենք պարտավոր ենք ձևավորել մեր ազգայինը: Մենք պետք է կարողանանք կրթված մարդուց բացի նաև դաստիարակված քաղաքացի ձևավորել",-նշել է Լևոն Մկրտչյանը: Այդ համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է այն հանգամանքը, որ կրթված, գիտելիքներով հարուստ քաղաքացի ձևավորելուն զուգընթաց անհրաժեշտ է ապահովել հայի տեսակին համապատասխան դաստիարակություն: Կարևորելով կրթության համակարգի շղթայի բոլոր օղակների փոխկապակցվածության ու շարունակականության ապահովումը՝ Լևոն Մկրտչյանը ներկայացրել է յուրաքանչյուր օղակի իր տեսլականը:Նա նշել է, որ տարրական դպրոցից դեպի հիմնական դպրոց անցումը ևս շատ կտրուկ է: "Տարրական դպրոցի ազատությունից հետո երեխան 5-րդ դասարանում, երբ ձևավորվում են նրա ֆիզիոլագիական որոշակի կարողություններ, միանգամից ընկնում է լուրջ ծանրաբեռնվածության տակ: Մեր հարևան Վրաստանում, օրինակ, տարրական դպրոցը ներառում է մինչև 6-րդ դասարանը:Ազատությունից դեպի պատասխանատվություն. այս անցումը պետք է արվի համընթաց՝ առանց ֆիզիկական կարողություններին վնասելու",-ասել է Լ. Մկրտչյանը: Կրթության նախարարն անդրադարձել է նաև ավագ դպրոցների խնդրին՝ տեղեկացնելով այս խնդրի կարգավորմանն ուղղված լուծումների մասին, մասնավորապես, նա խոսել է 12-րդ դասարանի "բեռնաթափման"՝ որոշ առարկաներ 11-րդ դասարանի վրա բաշխելու, հոսքային տարբերակներն ավելի տեսանելի դարձնելու մասին: "Ավագ դպրոցի խնդիրը բոլորովին այլ է. այն պետք է կարողանա արդեն ձևավորել քաղաքացի, որոշում կայացնելու ունակ մարդ: Ավագ դպրոցում պետք է իսկապես ամրագրենք հոսքային մոտեցումը և կարողանանք որոշակի կրեդիտային համակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններից տեղափոխել ավագ դպրոց, որպեսզի ավագ դպրոցի հեղինակությունը բարձրացնենք: Կարելի է նաև որոշ դեպքերում բարձրագույն ուսումնական համակարգի 4 տարիները դարձնել 3 տարի: Պետք է այնպես անենք, որ 12-րդ դասարանն ավելի ազատ լինի",-նշել է Լևոն Մկրտչյանը: Նա տեղեկացրել է, որ եկող ուսումնական տարում արդեն ավագ դպրոցները կզգան որոշակի փոփոխությունների արդյունքները: Նա շեշտել է, որ մագիստրատուրան ևս ավագ դպրոցի օրինակով մեր երկրում կայացած չէ. այս ուղղությամբ ևս որոշակի քայլեր են ձեռնարկվում: Նախարար Մկրտչյանը տեղեկացրել է, որ ներկայում մշակվում է "Բարձրագույն կրթության մասին" ՀՀ օրենքի նախագիծը և կարևորել այդ նախագծի հրապարակային քննարկումը: Նա նշել է, որ այս ոլորտում պետք է արմատական փոփոխություններ կատարել, որպեսզի սոցիալապես անապահովները կարողանան ստանալ բարձրագույն կրթություն: Այն մատչելի պետք է լինի հասարակության բոլոր շերտերի համար: "Դրական ﬕավորներ հավաքած, ֆինանսական հնարավորություն չունեցող դիմորդը պետք է չզրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Դրա համար պետք է կարողանանք փոխել անվճար համակարգը: Դրա համար պետք է կարողանանք տարանջատել ﬕասնական քննություններն անվճար- վճարովի համակարգից: Այդ դեպքում բուհերն էլ պետք է ունենան ավելի ազատ գործելու հնարավորություն",-նշել է նախարար Մկրտչյանը: Կրթության նախարարը խոսել է նաև ազգային կրթակարգի վերականգնման անհրաժեշտության մասին, որը որոշիչ դեր պետք է ունենա կրթության համակարգի համար: Ըստ նախարարի` ի թիվս այլ հարցերի, ազգային կրթակարգում պետք է ամրագրվեն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող առարկաները: Հանդիպման ընթացքում մարզի դպրոցների տնօրենների հարցերն ու առաջարկները հիմնականոմ վերաբերել են տնօրենների հավաստագրմանը, բնագիտական առարկաների դասաժաﬔրի ավելացմանը, դպրոցների ֆինանսավորման խնդիրներին: Օրվա երկրորդ կեսին Լևոն Մկրտչյանը հյուրընկալվել է "Պրոգրես" համալսարանում, ծանոթացել համալսարանի ուսումնական գործընթացին, ներկա գտնվել Առաջին հանրապետության տոնին նվիրված հանդիսությանը:

Նմանատիպ նյութեր