211652_close_icon
views-count1297 դիտում article-date 17:28 29-08-2014

ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ

Օգոստոսի 29-ին ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարար Երիցյանի առաջին կանգառը Գյումրի քաղաքի այն հատվածում էր, որտեղ նախատեսվում է կառուցել Շիրակի մարզի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը: Նախարարը շրջեց շինության և հարակից տարածքում, ծանոթացավ առկա պայմաններին: Այնուհետև ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ուղևորվեց Գյումրու քաղաքապետարան, որտեղ հանդիպում ունեցավ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Արմեն Երիցյանը Գյումրու քաղաքապետին ծանոթացրեց ԱԻ նախարարության այն ծրագրերին, որոնք պետք է իրականացվեն Գյումրի քաղաքում, մասնավորապես` քննարկվեցին մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոնի բացման հետ կապված հարցերը: Սամվել Բալասանյանը պատրաստակամություն հայտնեց կարճ ճամանակում կարգավորել Ճգնաժամային կառավարման կենտրոնի տարածքը ԱԻՆ-ին փոխանցելու հետ կապված բոլոր խնդիրները, ինչը հնարավորություն կտա շատ արագ սկսել շինարարական աշխատանքները: Քննարկվեցին նաև ԱԻ նախարարության և Գյումրու քաղաքապետարանի միջև առկա հաջող համագործակցությունը տարբեր ուղղություններով ընդլայնելու հարցերը: Գյումրու քաղաքապետարանից ԱԻ նախարարը ուղևորվեց Շիրակի մարզպետարան, որտեղ հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ: Շիրակի մարզպետարանում անցկացվեց նաև խորհրդակցություն, որին մասնակցում էին ԱԻՆ մի շարք ծառայությունների ղեկավարներ: Մարզպետարանից Արմեն Երցյանը ուղևորվեց Գյումրու Արմեն Նազարովի անվան Ինժեներային սեյսմաբանության և երկրաֆիզիկայի ինստիտուտ, որտեղ խորհրդակցություն անցկացրեց ինստիտուտի ղեկավարության և ԱԻՆ համապատասխան մասնագետների մասնակցությամբ: ԱԻ նախարարությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության խնդիրը և այս ուղղությամբ արդեն կա զգալի առաջընթաց: ԱԻ նախարարը ինստիտուտի ղեկավար կազմի և մասնագետների հետ քննարկեց երկրակեղևի տատանումները գրանցող դեֆորմոգրաֆների պատրաստման հետ կապված հարցեր: ԱԻ նախարարի խոսքով այս ոլորտը շատ կարևոր է հատկապես բնակչության անվտանգության ապահովման տեսակետից, և այստեղ պետք է բացառվի որևէ անորակ սարքավորման կիրառությունը: Ինստիտուտի մասնագետները խոստացան շատ կարճ ժամանակում պատրաստել բարձր արդյունավետություն ունեցող դեֆորմոգրաֆ սարքեր, որոնք կտեղադրվեն համապատասխան վայրերում: ԱԻ նախարարը կարևորեց տվյալ գիտության զարգացումը և գործնական կիրառության ապահովումը, պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս օժանդակել և շարունակել համագործակցությունը ինստիտուտի հետ:

Նմանատիպ նյութեր