«Բանավեճի ակումբն» ամփոփել է 2016թ. տարեշրջանի առաջին խաղափուլը
Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի և «Ակտիվ երիտասարդ քաղաքացիների նախաձեռնություն» հասարակական կազմակերպության համատեղ «Բանավեճի ակումբ» ծրագիրն ամփոփել է 2016 թվականի տարեշրջանի առաջին խաղափուլը, որին մասնակցել է ուսանողներից կազմված 14 թիմ։ Եզրափակչին մասնակցել է նախորդ փուլերը հաղթահարած 3 թիմ:
«Արդեն ավանդական այս նախաձեռնությունը կարևոր հարթակ է` երիտասարդության միջև երկխոսության և արդիական ամենասուր քաղաքական ու հասարակական հնչեղության հարցերն ու թեմաները բազմակողմանի դիտարկելու: Այստեղ ակումբի անդամները մեկ այլ կարևոր ծրագրի մասնակից էլ են դառնում. Երևանի քաղաքապետարանի՝ երիտասարդներին վերաբերող նախաձեռնություններն ու նոր մտահղացումները ևս քննարկվում են այս հարթակում, և մի շարք ծրագրեր իրագործվում են հենց մասնակից երիտասարդների նախաձեռնությամբ»,- նշել է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերով խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը։
«Բանավեճի ակումբի» առաջին խաղափուլի հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկակական համալսարանի «Պոլիտեխնիկ» թիմը, 2-րդ և 3-րդ տեղերում են համապատասխանաբար «Դիալեկտիկա» հավաքական ու Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի «Հարմոնիա» թիմերը:
Բանավեճի արդյունքներով առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած թիմերը պարգևատրվել են պատվոգրերով, իսկ պատվավոր առաջին տեղն ու հաղթողի կոչումը ստացած թիմն արժանացել է նաև ծաղկաձորյան հանգստի ուղեգրի: Ինտելեկտուալ հարցերի միջոցով որոշվել է նաև լավագույն հանդիսատեսը:
Երիտասարդները, հայտնելով իրենց տպավորությունները, նշել են, որ ամենշաբաթյա հանդիպումներն ու առողջ մթնոլորտում բանավեճը հետաքրքիր է, կարևոր և ուսուցողական:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]