211652_close_icon
views-count1640 դիտում article-date 12:38 21-05-2016

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին Շուշի քաղաքում ընդունել է ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների, որոնց հետ քննարկել է Արցախում բանկային համակարգի հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր: ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է զարգացած տնտեսություն ունենալ: Այս առումով, Ա. Հարությունյանը կարևորել է հատկապես վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավումը, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք ոլորտներում զարգացման լուրջ առաջընթաց գրանցել: «Ուրախալի է արձանագրել, որ մեր բոլոր արդեն կայացած ձեռնարկությունները հիմնադրվել և զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կարծում եմ՝ կառավարության և բանկերի միջև անցած տարիների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, և նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ և ապագա ծրագրերը: Կառավարությունը շարունակելու է անհրաժեշտ դեպքերում հնարավորինս աջակից լինել ձեռնարկատերերին իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում: Այդ ճանապարհով կկարողանանք արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը՝ երաշխավորելով պետության սոցիալ-տնտեսական ու անվտանգային հիմքերի ամրությունը:»,- ասել է վարչապետը և հավելել, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները: Հանդիպմանը մասնակից՝ բանկերի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործադիր իշխանության ղեկավարին՝ բանկային համակարգի նկատմամբ կառավարության կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության և աջակցության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի տնտեսության զարգացման ծրագրերում: Ըստ ՀՀ բանկերի ներկայացուցիչների՝ Արցախում ֆինանսական ռիսկերը բավարար են նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու և վարկավորման նոր փաթեթներ առաջարկելու համար: Վարչապետի և ՀՀ բանկերի ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցում էր ԱՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: [b]ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր