Երևանի 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություն է անցկացվել` վերջին զանգի ավանդական միջոցառումների վերաբերյալ
Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության 14 միջնակարգ դպրոցների տնօրենների հետ։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:
Քաղաքապետի տեղակալն անդրադարձել է մայիսի 27-ին սպասվող այս տարվա վերջին զանգի ավանդական միջոցառումներին ու հորդորել է դրանք կազմակերպել հնարավորին զուսպ:
Միաժամանակ հանձնարարվել է տեղերում առավել խիստ հսկողություն սահմանել դրամահավաքության հնարավոր դեպքերը բացառելու ուղղությամբ:
Անդրադառնալով կրթական գործընթացի կազմակերպման հարցերին` Արամ Սուքիասյանը տնօրենների ուշադրությունը հրավիրել է դպրոցներում կրթության որակի բարձրացմանն ուղղված նախաձեռնություններին և կարևորել այդ ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքը: Քաղաքապետի տեղակալը խոսել է նաև դպրոցներին մատակարարվող սննդի որակի, չափանիշների մասին` հատկանշելով ոլորտը մշտական հսկողության տակ պահելու անհրաժեշտությունը:
Խորհրդակցության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև առաջնագծում զոհված զինվորների ուսանած դպրոցներում հուշանկյուններ ստեղծելու Երևանի քաղաքապետի հանձնարարությանը՝ ընդգծելով, որ այդ ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտին հասցվեն մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը: