211652_close_icon
views-count2624 դիտում article-date 22:00 17-05-2016

Ավստրիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների հյուրախաղերը

Մայիսի 11-15-ը Ավստրիայում ՀՀ և ՌԴ դեսպանությունների համատեղ ջանքերով և «Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի», «Ավստրիական երկաթուղային գծեր» ընկերության և ավստրիահայ համայնքի օժանդակությամբ Ավստրիայում տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի «Նոր անուններ» ծրագրի մասնակիցների հյուրախաղերը: Մայիսի 12-ին առաջին համերգը հյուրընկալեց Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։ Ավստրիահայ համայնքի ներկայությամբ Հայաստանը և Ռուսաստանը ներկայացնող տաղանդաշատ երեխաները կատարեցին եվրոպացի, ռուս և հայ կոմպոզիտորների գործեր, ինչպես նաև դասական և ազգային երաժշտության գոհարներ։ Մայիսի 13-ին Վիեննայում ռուսական մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկրորդ համերգը, որին ներկա էին Ավստրիայում ռուս և հայկական համայնքների ներկայացուցիչներ, արվեստի ու մշակույթի գործիչներ։ Միջոցառման ծրագրում ներառված էին ռուսական ու հայկական հոգևոր երաժշտական կատարումներ։ Մայիսի 14-ին Վիեննայի Պրայներ կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Նոր անուններ» ծրագրի հաղթողների եզրափակիչ գալա-համերգը, որին մասնակցեցին նաև Ավստրիայի «Young masters» նախագծի հաղթողները։ Համերգին ներկա էին երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, դիվանագետներ, հասարակական և մշակութային գործիչներ, անվանի երաժիշտներ։ Համերգի բացումը կատարեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ Հայաստանում և Ռուսաստանում դեռևս 1989թ․հիմնադրված «Նոր անուններ» նախագծի պատմությանը՝ երախտագիտության խոսքեր հղելով դրա հիմնադիրներին և ղեկավարներին։ Նա, մասնավորապես, առանձնացրեց նախագծի հիմնադիր և ղեկավար Սլիվա Մեկինյանին և արվեստագետ Նոննա Ոսկանյանին, ինչպես նաև ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Իվետա Որոնովայի և նրա մահից հետո 2013թ. նախագծի ղեկավար հանրահռչակ դաշնակահար Դենիս Մացուևին: ՀՀ դեսպանի խոսքերով Հայաստանում «Նոր անուններ» նախագիծը վայելում է ամենաբարձր հովանավորությունը՝ գտնվելով առաջին տիկան Ռիտա Սարգսյանի ուշադրության ներքո, իսկ տաղանդավոր երեխաների վերջին եվրոպական հյուրախաղերը տեղի էին ունեցել Մալթայում՝ երկրի նախագահ Մարի-Լուիզ Պրեկայի հովանու ներքո։ Հայ, ռուս և ավստրիացի երիտասարդ երաժիշտների կատարմամբ հնչեցին Մալերի, Պիացոլլայի, Դվորժակի, Սեն-Սանսի, Կոմիտասի, Ավետիսյանի և Խաչատուրյանի անմահ ստեղծագործությունները։

Նմանատիպ նյութեր