211652_close_icon
views-count1333 դիտում article-date 21:43 16-05-2016

Սպասված հանդիպում Սոֆիայի առաջնորդանիստ Հայոց ազգային տանը

Ս.թ. մայիսի 15-ին Սոֆիայի հայոց ազգային տանն իսկական տոն էր: Առիթը Սուրբ Աստվածածին եկեղեցու և առաջնորդանիստ հայկական տան հիմնադրության 80-ամյակի կապակցությամբ Սոֆիայի համադրիչ խորհրդի կողմից կազմակերպված հանդիպում-ցուցահանդեսն էր, որը մի հարկի տակ էր հավաքել Բուլղարիայի հայոց թեմի առաջին առաջնորդ Ստեփանոս Արքեպիսկոպոսի անունը կրող ,,Ստեփանոս Հովակիմյան,, դպրոցի շրջանավարտներին, ինչպես մայրաքաղաք Սոֆիայից, այնպես էլ երկրի տարբեր շրջաններից: Տոնախմբությանը ներկա էին Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիար Արմեն Սարգսյանը, տիկնոջ և դեսպանատան կազմի հետ, Առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը, Սոֆիայի հոգևոր հովիվ Տ. Գուսան քհն. Հատավյանը, նախկին և ներկա եկեղեցական վարչության անդամներ, հասարակական գործիչներ: Ցուցահանդեսը բացվեց Տերունական աղոթքով և առաջնորդ Հայր Սուրբի ողջույնի շնորհակալական խոսքով: Հայր Իսահակն իր խոսքում նախ շնորհավորեց ներկաներին Սուրբ Հոգեգալուստի և ընտանիքի օրվա տոների առիթով, ապա, շնորհակալություն հայտնելով ներկաներին ու կազմակերպիչներին, կարևորեց եկեղեցու, ազգային տան, ընտանիքի ու պատմություն ունենալու նշանակությունը: Հանդիպմանը ելույթ ունեցան մի շարք շրջանավարտներ, ի թիվս որոնց և դոկտ. Հռիփսիմե Փաչաջյանը, ովքեր ներկաներին փոխանցեցին իրենց հուշերն ու մտածումները եկեղեցու, դպրոցի և Բուլղարիայում հանրային կյանքի վերաբերյալ: Խոսքով հանդես եկավ դեսպան Արմեն Սարգսյանը՝ կարևորելով Սոֆիայում հայ կյանքի աշխուժացումն ու մանուկների, երիտասարդների ներգրավումը: Ցուցահանդեսին ներկայացված էին տասնամյակների վաղեմություն ունեցող, ինչպես եկեղեցական իրեր ու պարագաներ, այնպես էլ գրքեր, թերթեր /Արմենիա, Մեղու, Փարոս, Ռազմիկ, Բալկանյան մամուլ, Երևան, Զանգ /, պատվոգրեր, Բուլղարիայի վերջին ութսունամյակի ընթացքում հոգևոր-ազգային կյանքը ներկայացնող նկարներ` թատերախումբ, երգչախումբ, պարախումբ, հայ կյանքի երևելի անձնավորությունների այցերը Սոֆիայի հայ տուն`Վազգեն Ա, Գարեգին Ա, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետների այցերը, Վիլիամ Սարոյան, Վահրամ Փափազյան, Հրաչյա ներսիսյան, Արմեն Ջիգարխանյան, Գոհար Գասպարյան, Սիմեոն Բ արքա և շատ ուրիշ վառ անհատականություններ: Առհասարակ հանդիպումն անցավ բավական գեղեցիկ ու հուզիչ մթնոլորտում, որն ուղեկցվեց գեղարվեստական ծրագրով:

Նմանատիպ նյութեր