211652_close_icon
views-count1590 դիտում article-date 22:02 11-05-2016

ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարողականը ներկայացվեց խորհրդարանին

Մայիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովում ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ԱԺ մշտական հանձնաժողովների և խմբակցությունների պատասխանատուներին է ներկայացրել ԼՂՀ 2015թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Նիստը վարում էր խորհրդարանի գլխադասային՝ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուսլան Իսրայելյանը։ Օրենսդիր-գործադիր իշխանությունների համատեղ քննարկմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը և կառավարության անդամներ: ԼՂՀ ֆինանսների նախարարի ներկայացմամբ հաշվետու տարում համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 209,3 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ արձանագրելով 9, 1% աճ: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1մլն 414,3 հազ ՀՀ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 268,1 հազ դրամի դիմաց: Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 53,5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նկատմամբ աճելով 2,5%-ով: Գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 64,3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 12,9%-ով: 2015թ.ին պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 34 մլրդ 436,4 մլն դրամ կամ՝ տարվա ծրագրով նախատեսված մուտքերի մակարդակի 92,7%-ը: Պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 83 մլրդ 107,7 մլն դրամ՝ նախատեսված 87մլրդ 736,3մլն- ի դիմաց, որը նախատեսված ծրագրի 94,7%-ն է: ԱԺ պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչներին առաջադրել են բյուջեի կատարողականին վերաբերող հարցեր: Խորհրդարանականների խնդրանքով վարչապետ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂՀ տնտեսությանը հասցված վնասներին և դրանց հետևանքների վերացմանը: Կառավարության ղեկավարի խոսքով, այս ընթացքում մեծ ուշադրություն է հատկացվում սոցիալական ծրագրերի իրականացմանը: Գործադիրը չի բացառում օրենսդրական նախաձեռնություններով տնտեսական և հարկային գործիքների կիրառումը՝ իրավիճակը փոխելու համար: Վարչապետը հավաստիացրել է, որ մանրամասն քննարկվում են բորոլր այն ոլորտային խնդիրները, որտեղ այս օրերի ընթացքում առավել շատ բարդություններ են առաջացել: 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները, համաձայն ժամանակացույցի, կշարունակվեն խորհրդարանի մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խմբակցություններում:

Նմանատիպ նյութեր