211652_close_icon
views-count2742 դիտում article-date 17:43 11-05-2016

Էդվարդ Նալբանդյանի ուղերձը Երիտասարդ ֆրանկոֆոնների ազգային խորհրդարանի հանդիսավոր բացման արարողությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հարգելի պարոն փոխնախագահ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի հարգելի պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հայկական հանձնախմբի հարգելի տիկին նախագահ, Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի հարգելի նախագահ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Ազգային ժողովին և վերջինիս նախագահ պարոն Գալուստ Սահակյանին, ում ներկայացնում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ պարոն Էդուարդ Շարմազանովը՝ այս ծրագրի իրականացումը խրախուսելու համար՝ այդպիսով վերահաստատելով նվիրվածությունը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական նախաձեռնություններին: Շնորհակալություն ենք հայտնում նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին, վերջինիս գլխավոր քարտուղար պարոն Պասկալ Տեռասին, անձամբ Ձեզ, Վալոնի-Բրյուսելի Դաշնության խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրար` այս երիտասարդական կառույցի ստեղծման գործում հայկական խորհրդարանին աջակցելու համար: Երևանում Ձեր գտնվելը վկայում է այն ողջ կարևորությունը, որ խորհրդարանական ֆրանկոֆոնիան ցուցաբերում է Երիտասարդների խորհրդարանների ստեղծմանը, որը հանդիսանում է երկխոսության հարթակ և միտված է` խրախուսելու նոր սերնդի մասնակցությունը քաղաքացիական կյանքին: Այս նախաձեռնությունը առանձնահատուկ կարևորություն ունի: Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծումը նախևառաջ հօգուտ Ֆրանկոֆոնիայի Հայաստանի հանձնառության ևս մեկ վկայությունն է: Այն նաև Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի հետ մեզ միավորող կապերի որակի և Ֆրանկոֆոնիայի հետ մեր հարաբերություններում խորհրդարանական ձևաչափի կարևորության ցուցանիշն է: Ի վերջո, այն հասարակական կյանքում երիտասարդության զբաղեցրած կարևոր դիրքի և նրա անսահման ներուժի արժևորման անհրաժեշտության ապացույցն է: Ուրախ եմ, որ այստեղ հավաքված երիտասարդները ներգրավված են այս ծրագրում: Ցանկանում եմ, որ նրանք լիովին օգտագործեն երկխոսության այս հարթակը և իրենց ներդրումն ունենան բաց և այլոց կարծիքը հարգող քննարկումներում: Այս խորհրդարանի առաքելությունն է նպաստել խաղաղության, քաղաքացիական գիտակցության, հանդուրժողականության և երկխոսության ոգու տարածմանը և գործել հանուն ժողովրդավարության ուսուցման: Այսպիսին եմ տեսնում այս ոգեշնչող նախաձեռնությունը, որում դուք ներգրավված եք: Հուսով եմ, որ դուք ձեր նշանակալի ներդրումը կունենաք այսօր աշխարհին հուզող արդի կարևոր հարցերի շուրջ ֆրանկոֆոն տարածքի երիտասարդների նախաձեռնած քննարկումներում: Համոզված եմ, որ արժանապատվորեն կներկայացնեք հայ երիտասարդությունը ֆրանկոֆոն երիտասարդների կարևոր հանդիպումների ժամանակ և կխրախուսեք Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքները: Մաղթում եմ հաջողություն ձեր աշխատանքներին:

Նմանատիպ նյութեր