211652_close_icon
views-count2310 դիտում article-date 16:18 09-05-2016

Բուլղարիայի Հայոց առաջնորդ Տեր Իսահակ Վարդապետ Պողոսյանի և Հայերի միության նախագահի ուղերձները՝ Մայիսի 9-ի տոնի առթիվ

Ուղերձում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Բուլղարիայի հայերի միության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ ողջ հայությանը Հայոց Եռատոնը՝ Շուշիի ազատագրման տոնը, Արցախի բանակի տոնը և ֆաշիզմի դեմ տարած Հաղթանակի տոնը, որին մեր ժողովրդի զավակները ունեզել են իրենց որոշիչ մասնակցությունը: Այսօր առավել հպարտությամբ ենք նշում Հայոց հաղթանակների տոնը, քանզիմիայն մեկ ամիս առաջ հայ ժողովուրդը Հայ անպարտ ու քաջարի Զինվորի առաջնորդությամբ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ մենք իրապես հաղթանակած ժողովուրդ ենք և Շուշիի ազատագրումով մենք վերջնականապես ազատագրվել ենք զոհի բարդույթից: Մեր մաղթանքն է նախ և առաջ մեր հերոս զինվորներին անփորձանք ծառայություն և բարի վերադարձ իրենց հայրական օջախները, մեր ժողովրդին՝ նորանոր հաղթանակներ և մեր սրբազան Հայրենիքին՝ խաղաղություն և լուսավոր ապագա: Այսօր ևս մեկ անգամ մենք խոնարհվում ենք մեր բոլոր այն առյուծասիրտ Հերոսների փառավոր հիշատակի առաջ, որոնց զոհաբերության շնորհիվ մենք հպարտությամբ տոնում ենք Հայոց Հաղթանակները: Հարություն Հովսեփյան»: Շնորհավորական ուղերձ է հղել նաև Բուլղարիայի Հայոց առաջնորդ Իսահակ Վարդապետ Պողոսյանը, որում ասված է. «Սիրելի հայրենակիցներ, Ի խորոց սրտի և ամենաբովանդակ հոգով շնորհավորում ենք մեր ժողովրդին բոլոր մակարդակներով յառիթ մայիսյան եռատոնի ու բազմապատիկ հաղթության: Տասնյակ տարիներ մեր աշխարհասփյուռ ժողովուրդն ամենուր տոնախմբում է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի հաղթական ավարտը` ոգեկոչելով իր հերոսների անանց անունն ու հիշատակը: Հայ ժողովրդի նորագույն պատմությունը ևս մեկ անգամ արժեվորվեց Արցախի Հանրապետության հնագույն մայրաքաղաք Շուշիի ազատագրումով ու Արցախի հաղթության տոնով, որը մեր Սուրբ Եկեղեցու կողմից հռչակված է հավասարապես ,,հաղթանակի ու խաղաղության,, տոն: Ընդսմին այն նաև մեր քաջակորով մտածողների ու ստեղծագործողների, բոլորանվեր մասնակիցների ու ինքնանվեր մարտիկների, մեր հաղթական եկեղեցու զինվորյալների հիշատակության օրն է, նրանց ովքեր ընդունեցին անմահության պսակը հանուն հավատքի ու հայրենիքի: Մայիսի 9-նն իրականության մեջ ամենքիս ու բոլորիս տոնն է, հայ ինքնության ու ինքնանորոգումի, հայ զինվորի և մանավանդ նրան օրինակ ապահովող սպայի, հայի երեկվա, այսօրվա ու վաղվա տոնը, որն իբրև սրբազան ուխտի ինքնահատուկ առիթ սկզբնավորվում է դեռևս Ավարայրից և մեկնվում դեպի լուսավոր գալիքը: Այստեղ տեղ չունեն դիմազուրկներն ու դասալիքները, այլ միայն նրանք, որ քաջագիտակ են յուրեանց պարտքին և հավատարիմ սեփական առաքելությանը: Թեև դժվարին բայցև հերոսական ու ուսուցանող պատմության ընթացքում, դժբախտաբար, մեզ քիչ անգամներ բախտ վիճակվեց ունենալու հուսալի բարեկամ և ազնիվ հակառակորդ, բայց Աստծո կամոք, ճշմարտության երաշխավորությամբ ու խելացի հաստատակամության շնորհիվ է, որ մենք ունենանք պիտի մեր սուրբ նախնիների ու նախորդների երազուն հայրենիքը: Եվ այս ճանապարհին յուրաքանչյուր ոք, ուր էլ որ լինի, իր խղճի, նմանի, ու մայրենիի նկատմամբ անելիք ունի: Թող բարին Աստված հույսի, սիրո և միաբանության մեջ պահի մեր հայրենի սրբություն սրբոցը` շարունակ բազմապատկելով ու առատացնելով հոսումը շնորհների, թող մեր սուրբ նահատակաց բարեխոս հովանավոր-զորակցությունն ապահովության մեջ պահի մեր վաղվա օրվա երաշխավորներին, թող համերաշխությունն ու ներդաշնակությունն առմիշտ անպակաս լինեն մեր ժողովրդից և թող Ինքը` ճշմարտության երաշխավորն առաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ, լույս հանգրվաններ ու բարի կեցություն»:

Նմանատիպ նյութեր