Նախագիծ՝ զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահելու մասին` նրանց սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկում է զորակոչվողների սերմնաբջիջների բանկ պահել`նրանց ժառանգների շարունակականությունն ապահովելու համար, ինչի համար առաջարկում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացում կատարել:
Օրենսդրական առաջարկը ձևակերպված է այսպես. «Պետությունը երաշխավորում է 18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը՝ այդ նպատակով ստեղծված համապատասխան սեռաբջիջների պահպանության բանկում:»:
Նախագծի «հիմնավորում» բաժնում նշվում է նման օրենսդական նախաձեռնության անհրաժեշտությունը: «Հաշվի առնելով, որ զինվորական ծառայությունը լի է բազում անկանխատեսելի վտանգներով եւ ռիսկերով, ապա՝ զորակոչիկների հետագա վերարտադրողականությունն ու նրանց՝ սերունդների շարունակականությունն ապահովելու նպատակով, սեռաբջիջների պահպանության բանկի ստեղծումը կունենա կարեւոր եւ էական նշանակություն»:
Նախագիծը ներբեռնված է «Նստաշրջանի օրակարգում դեռսև չընդգրկված նախաձեռնություններ» բաժնում: