13412 դիտում
18:00 01-05-2016
Վերջին ապաչի-ֆիդային (Ջերոնիմո)
Հնդկացիական ազատագրական պայքարի լեգենդար հրամանատար Ջերոնիմոն կրթվել-դաստիարակվել էր ապաչիների ցեղի ավանդույթներով: Նա վերջին ապաչին էր, որը պայքարում էր մեքսիկական և ամերիկյան զավթիչների դեմ: Նրա պայքարը սկսվում է 1851թ: Մարտի 5-ին մեքսիկացի 400 զինվորներից բաղկացած ջոկատը գնդապետ Խոսե Մարիա Կարրասկոյի գլխավորությամբ հարձակվում է Չիրիկաուա ցեղի վրա, երբ ցեղի տղամարդիկ քաղաք էին գնացել՝ գնումներ կատարելու: Մեքսիկացիները սպանում են գրեթե բոլորին՝ այդ թվում՝ Ջերոնիմոյի մորը, կնոջը և երեխաներին:
Ջերոնիմոն (հնդկացիական անունը՝ Հոակլա, թարգմանաբար՝ Հորանջողը) ծնվել է Բեդոնկոհե ցեղախմբում, Գիլա գետի մոտ, ներկա Արիզոնա նահանգի տարածքում 1829թ. հուլիսի 16-ին: Նրա մորական պապը՝ Մահկոն, ապաչիական Բեդոնկոհե ցեղի առաջնորդ է եղել: Հորնաջողն ուներ 3 եղբայր և 4 քույր: 17 տարեկանում Հորաջողն ամուսնանում է: Առաջին կնոջից ունենում է 3 երեխա, որոնց բոլորին սպանում են մեքսիկացիները:
Չիրիկաուա ցեղի ցեղապետ Մանգասը Քլորադասը որոշում է վրեժխնդիր լինել մեքսիկացիներից, և այդ վրեժխնդրության գործողությունը հանձնարարում է Հորանջողին: Նա սկզբում հավաքում է իր ցեղի հասուն տղամարդկանց: Նրանց են միանում նաև ապաչիական Կոչիս ցեղի մի քանի զինվորներ: Նրանք զինվում են դանակներով, նետ-աղեղներով: Կազմելով փոքրաթիվ մի ջոկատ, Հորնաջողը հարձակվում է գործում մեքսիկական մի զորամասի վրա, սպանում պահակազորին, խլում հրացաններ:
[img]/ups/images/0378747001462029799555062.jpg[/img]
[i]Աջից ձախ՝ Ջերոնիմո, Յանոզա (Ջերոնիմոյի եղբայրը), Չապո (Ջերոնիմոյի որդին՝ երկրորդ կնոջից), Ֆան (Յանոզայի խորթ եղբայրը) 1886թ.[/i]
Այդ հարձակումից հետո մեքսիկացիները մեծ ուժերով որոշում են հարձակվել Չիրիկաուա ցեղի վրա: Սակայն նրանց ճանապարհին դիմավորում է Հորանջողի արդեն լավ զինված ջոկատը: Մարտի թեժ պահին, երբ մեքսիկացիները հուսահատ պաշտպանվում են, Հորանջողը դանակը ձեռքին գոռալով նետվում է դեպի մեքսիկացիները: Վերջիններս կարծում են, թե ապաչիները նետվում են ձեռնամարտի, ոտքի են կանգնում և նետվում առաջ՝ վանկարկելով. «Սուրբ Ջերոմ» (Սուրբ Ջերոմը պաշտպանում է զինվորին պատերազմում): Ջերոնիմոն հրացանների և ատրճանակների տարափի տակ դանակով միայնակ մորթում է մեքսիկացիներին, իսկ նրա զինակիցները իրենց հարմար դիրքերից հուժկու կրակ են բացում և կոտորում մեծ մասին, մյուսներին մատնելով փախուստի: Այդ մարտից հետո Հորանջողին մականուն են տալիս՝ Ջերոնիմո, այսինքն՝ Սուրբ Ջերոմի հովանովորյալ:
[img]/ups/images/000944900146202981284541.jpg[/img]
Ադպես Ջերոնիմոն դառնում է ռազմական առաջնորդ և փոքրաթիվ ջոկատով մշտապես ապրում է սարերում: Կնոջ մահվանից 40 օր անց նա կրկին ամուսնանում է: Սակայն անվերջ ռազմական արշավներով և վտանգներով լի կյանքը ստիպում է որոշ ժամանակ անց թողնել կնոջը: Ընդհանուր առմամբ Ջերոնիմոն ամունանում է 9 անգամ: Վերջին կնոջ անունն էր Ազուլ:
[img]/ups/images/0479251001462029826101694.jpg[/img]
[i]Ջերոնիմոյի առաջին կինն ու երեխան[/i]
1860թ. դեկտեմբերին ամերիկացի 30 հանքագործներ հարձակվում են ապաչիական մի ցեղի վրա, սպանում են 4 մարդու, առևանգում 13 կանանց: Այդ մասին տեղեկանում է Ջերոնիմոն: Նրա ջոկատը գիշերով մտնում է ոսկի որոնողների ճամբարը, ազատում առևանգված հնդկացի կանանց և սպանում մի քանի ամերիկացու:
[img]/ups/images/0239118001462029849332377.jpg[/img]
1873թ. մեքսիկացիների և ապաչիների բախումները թեժանում են: Մի քանի ամիս արյունալի մարտերից հետո մեքիսկացիները խաղաղության պայմանագիր են առաջարկում: Հաշտվելուն դեմ է արտահայտվում միայն Ջերոնիմոն, որը հրաժարվում է մասնակցել բանակցություններին և ստորագրել պայմանագիրը: Մյուս ապաչիական առաջնորդները ստորագրում են խաղաղության պայմանգիր մեքսիկացիների հետ, որից հետո ապաչիները հավատալով մեքսիկացիներին վերադառնում են իրենց բնակավայրերը: Սակայն մեքսիկացիները ուխտադրուժ հարձակվում են ապաչիների գյուղերի վրա և կոտորում շատերին: Դրանից հետո ապաչիները կրկին բարձրանում են լեռները և միանում Ջերոնիմոյի ջոկատին, իսկ մեծ մասը վերաբնակվում են ԱՄՆ արևմտյան նահանգներում:
[img]/ups/images/0619641001462029876335651.jpeg[/img]
[i]Ջերոնիմոն՝ առաջին շարքում աջից երրորդը[/i]
Այդ միջադեպից հետո Ջերոնիմոն անողոքաբար սկսում է կոտորել մեքսիկացիներին: Հաջորդ մի քանի ամիսներին Ջերոնիմայի մարդիկ կոտորում են 500-600 մեքսիկացու: «Շատ մեքսիկացի եմ սպանել: Չեմ հաշվել: Նրանցից շատերին նույնիսկ չարժե հաշվել: Մեքսիկացիները ուխտադրուժ, դավաճան ու վնասակար մարդիկ են» (հատված Ջերոնիմոյի «Իմ կյանքը» ինքնակենսագրական գրքից):
Մեքսիկացիների այնուհետև՝ ամերիկացիների դեմ մարտնչելիս, Ջերոնիմոն մշտապես զիջել է թվակազմով և սպառազինությամբ: Նա փառաբանվել է իր խիզախությամբ և անորսալիությամբ: Այդ պատճառով նրա մասին լեգենդներ են հյուսվել: Մի անգամ 1885թ. Ջերնոիմոն և նրա զինակիցները թաքնվում են մի քարայրում: Մեքսիկական և ամերիկյան միացյալ ուժերը շրջափակում են քարայրը: Որոշ ժամանակ փոխհրաձգությունից հետո պաշարողները որոշում են մտնել քարայրը, սակայն այնտեղ ոչ ոքի չեն գտնում: Ջերոնիմոն և նրա զինակիցները անհետացել էին, չնայած, որ քարայրն այլ ելք չուներ: Այդ քարայրն այսօր կոչվում է Ջերոնիմոյի անունով: Կան բազմաթիվ այլ պատմություններ, երբ Ջերոնիմոն կարողանում է հաղթել կամ խույս տալ հետապնդումից այնպիսի հմտությամբ, որ զարմացնում է հակառակորդին:
[img]/ups/images/0846603001462029897920655.jpg[/img]
[i]Ջերոնիմոն իր զորքով[/i]
Ջերոնիմոն վերջին ապաչին էր, որ չէր ընդունում ԱՄՆ գերիշխանությունը իրենց հողերի վրա: Այդպիսով նա դառնում է հնդկացիական ազատագրական շարժման խորհրդանիշը: 25 տարի նա զինակիցների հետ պայքարում է ԱՄՆ բռնազավթման դեմ, թաքնվելով սարերում և կանյոններում: Սակայն վերջին մեկ տարին ամերիկյան և մեքսիկական միացյալ ուժերը սաստկացնում են պայքարն ու հետապնդումները: Ամբողջ տարի նրան հետապնդում են ԱՄՆ բանակի 5000 զինվորներ (այն ժամանակ՝ ԱՄՆ բանակի մեկ քառորդը) և Մեքսիկայի բանակի մի քանի ստորաբաժանումներ, սակայն չեն կարողանում ծնկի բերել: Զավթիչները հարձակվում են խաղաղ հնդակիցների վրա, կոտորում, թալանում, ոչնչացնում բերքը, սպանում անասուններին և պահանջում, որ Ջերոնիմոն հանձնվի: Այդ շանտաժներից, շարունակվող հետապնդումներից և անհավասար մարտերից հետո, 1886թ. հունվարի 9-ին Ջերոնիմոն ու նրա մարդիկ հուսալքվում են և որոշում բանակցել ամերիկյան բանակի հետ:
[img]/ups/images/0297863001462029918427071.jpeg[/img]
[i]Ջերոնիմոն Մաունթ Վեռնոն զորանոցի տարածքում[/i]
Բանակցությունները մի քանի անգամ սկսվում, բայց տապալվում են մեքսիկացիների ուխտադրուժ գործողությունների հետևանքով: Մարտի 25-26-ին Ջերոնիմոն Մեքսիկայից անցնում է ԱՄՆ: Ապրիլի 1-ին Ջերնոիմոյին հետապնդելու գործողությունների հրամանատար է նշանակվում գեներալ Նելսոն Միլզը: Նա Ջերոնիմոյին խոստանում է ապաստան տրամադրել, պաշտպանել նրան ու նրա խմբի անդամներին մեքսիկացիների վրեժխնդրությունից և դատաստանից, եթե վերջինս հրաժարվի պայքարից և հանձնվի: 1886թ. սեպտեմբերի 4-ին Արիզոնայում Ջերոնիմոյի խումբը՝ բաղկացած 39 մարդուց (տղամարդիկ, կանայք, երեխաներ) հանձնվում է Լեյտենանտ Չալզ Գետվուդին:
[img]/ups/images/0054725001462029935136532.jpg[/img]
[i]Գեներալ Նելսոն Միլզը և լեյտենանտ Չարլզ Գետվուդը[/i]
Ջերոնիմոյին և նրա խմբին կապկպում են, տանում Ֆորտ Սեմ Հյուստոն՝ Սան Անտոնիա Տեխաս: Այտեղ մի քանի շաբաթ պահելուց հետո նրան տեղափոխում են Ֆլորիդա՝ Ֆորտ Պիկենս, իսկ նրա ընտանիքին տանում են Ֆորտ Մերիոն: Նրանք վերամիավորվում են 1887թ.-ին, երբ նրանց տեղափոխում են Ալաբամա՝ Մաունթ Վեռնոն զորանոց և այնտեղ պահում 7 տարի: 1893-ին Ջերոնիմոյին տեղափոխում են Ֆորտ-Սելլ՝ Օկլահոմա:
[img]/ups/images/0840621001462029959442605.jpg[/img]
[i]Ջերոնիմոն աքսորավայրում[/i]
Այդ էտապի ժամանակ զբոսաշրջիկները շրջապատում են նրան և խնդրում որևէ իր նվիրել, որպես մասունք: Ջերոնիմոն պոկում է իր հագուստի բոլոր կոճակները և բաժանում զբոսաշրջիկներին:
[img]/ups/images/0487394001462029973137010.jpg[/img]
[i]1886թ սեպտեմբերի 10, գերյալ Ջերոնիմոյին և նրա խմբին տեղափոխում են Տեխաս[/i]
Ծեր տարիքում նա համաշխարհային հռչակ է ձեռք բերում: 1904թ. Սենտ-Լուիսում՝ Միսուրի նահանգ, միջազգային ցուցահանդեսի ժամանակ նա ցուցադրում է անձնական լուսանկարները: 1905թ.-ին, Ջերոնիմոն մասնակցում է ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտի երդմնակալության արարողության հանդիսավոր շքերթին:
[img]/ups/images/0683067001462029988492672.jpg[/img]
Օգտվելով առիթից, նա դիմում է Ռուզվելտին` խնդրելով թույլ տալ իրեն և իր ցեղակիցներին վերադառնալ Արիզոնա, սակայն նախագահը մերժում է Ջերոնիմոյի խնդրանքը: Նրան և նրա ցեղակիցներին թույլ չեն տալիս վերադառնալ նախնիների հայրենիքը:
[img]/ups/images/0335931001462030025670525.jpg[/img]
1909թ. փետրվարի 14-ին 79-ամյա Ջերոնիմոն ընկնում է ձիուց և մինչև առավոտ մնում է գետնին պառկած: Երեք օր անց, 1909թ. փետրվարի 17-ին մահանում է թոքաբորբից: Թաղվում է Օկլահոմայում, Ֆորտ-Սելլում, գերի հնդկացիների գերեզմանոցում:
[img]/ups/images/0007198001462030059585296.jpg[/img]
[i]Ջերոնիմոյի գերեզմանը ներկայում ուխտատեղի է դարձել հնդկացիների հետնորդների և նրանց ավանդույթներով ապրողների համար:[/i]
Հանձնվելու ժամանակ Ջերոնիմոյից առգրավված արձաթե խզակոթով հրացանը (Winchester Model 1876) ցուցադրվում է Նյու Յորքի ԱՄՆ ռազմական ակադեմիայի թանգարանում, իսկ փղոսկրե կոթով նիկելած ատրճանակը և որսորդական դանակը (Sheffield) Ֆորտ Սելլում՝ Ջերոնիմոյի թանգարանում:
[img]/ups/images/0050518001462030413173626.jpg[/img]
Ջերոնիմոյի մասին գրվել են գրքեր, նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, առավել հայտնի են 1962-ին՝ «Մետրո Գոլդն Մայերի» նկարահանած «Ջերոնիմո», 1993-ին՝ «Կոլումբիա Փիքչըրսի» «Ջերոնիմո՝ ամերիկյան առասպել» ֆիլմերը:
[img]/ups/images/0816031001462030424969787.jpg[/img]
[i]Կադր Ջերոնիմոյի մասին ֆիլմից[/i]
Ջերոնիմո անունը շատերին էր ոգեշնչում, 1829-1909թթ: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ամերիկյան դեսանտայինները վայրեջքի ժամանակ բացականչում էին «Ջերոնիմո՜», որպես ոգեշնչման բացականչություն, ինչպես Ճապոնիայում՝ «Բանզայը», կամ Ռուսաստանում՝ «Ուռան»: «Ջերոնիմո» բացականչելով զինվորները ցուցադրում էին զայրույթ, համարձակություն, հավատ առ հաղթանակ:
[img]/ups/images/0501646001462030438947907.png[/img]
[i]Ամերիկացի պարաշյուտիստների տարբերանշանը[/i]
2011-ին ԱՄՆ զինված ուժերը Ալ Քաիդայի առաջնորդ Ուսամա Բեն Լադենին ոչնչացնելու գործողությունը սկզբում կոչել էին «Ջերոնիմո», սակայն ամերիկյան պահպանողականների դժգոհությունների տակ այն վերանվանվել էր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
68713 դիտում
17:45 27-12-2019
Հյուսիսային պողոտայում մոխրի է վերածվել «Ապաչի» ընկերության արհեստական տոնածառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4253 դիտում
16:10 27-05-2016
Երևանի 147 դպրոցի Վերջին դասի և վերջին զանգի արարողությունը նվիրված էր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին
Այս բաժնից
2530 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2794 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել