211652_close_icon
views-count884 դիտում article-date 20:31 28-04-2016

Քաղաքապետը պարգևատրել է Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող թիմին

Երևանի հ. 171 հիմնական դպրոցում ավարտվել է շախմատի օլիմպիական չեմպիոն, միջազգային կարգի գրոսմայստեր Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված շախմատի դպրոցականների համաքաղաքային երկրորդ հուշամրցաշարը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, նաև Կարեն Ասրյանի ծնողները: Երևանի քաղաքապետը դպրոցի տնօրենի ուղեկցությամբ նախ այցելել է կրթօջախում բացված Կարեն Ասրյանի անունը կրող շախմատի դասասենյակ, որտեղ պահպանվում են նաև շախմատի օլիմպիական չեմպիոնի մարզական հաջողությունների մասին փաստող անձնական իրեր: Արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպող հուշամրցաշարին այս տարի մասնակցել են 48 դպրոցականներ, որոնք ներկայացրել են մայրաքաղաքի բոլոր 12 վարչական շրջանները: Հուշամրցաշարում առաջին տեղը զբաղեցրած Նոր Նորք վարչական շրջանի հաղթող թիմին գավաթն ու մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները համապատասխանաբար զբաղեցրել են Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների թիմերը: Կարեն Ասրյանի հուշամրցաշարի կազմակերպչական աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Երևանի 171 հիմնական դպրոցի տնօրեն Արամ Սաֆարյանը, փոխտնօրեն Նատալյա Դանիելյանն արժանացել են Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի շնորհակալագրերի: Առանձնակի կարևորելով Երևանի քաղաքապետի հետևողականությունը հուշամրցաշարի անցկացմանն աջակցելու համար` հուշամրցաշարի մասնակիցներն իրենց ստորագրություններով շախմատի տախտակ են նվիրել Տարոն Մարգարյանին:

Նմանատիպ նյութեր