211652_close_icon
views-count2897 դիտում article-date 19:27 28-04-2016

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած հղի կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում. ՀՀ ԱՆ

Ավտոբուսի պայթյունի հետևանքով տուժած 14 և 15 տարեկան պատանիների առողջական վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնիմանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանի խոսքով` պարբերաբար նեղ մասնագետների հետ համատեղ քննարկվում է երեխաների բուժման հետագա ընթացքը, կատարվում է առողջական վիճակի գնահատում: Տղաներն այս փուլում ստանում են բազմապրոֆիլային բուժում: Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում բուժումը շարունակում է վթարից տուժած 37-ամյա հղի կինը: Մանկաբարձագինոկոլոգիական տեսանկյունից` նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: Հղին ունի ցավեր կրծքավանդակի շրջանում` պայմանավորված սալջարդերով: Պարբերաբար կազմակերպվում են նեղ մասնագիտական խորհրդատվություններ: ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանի փոխանցմամբ` կնոջ և պտղի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում բուժվում է պայթյունից տուժած 3 քաղաքացի: Նրանցից երկուսը գտնվում են քիթ-կոկորդ-ականջաբանության, մեկը` նյարդավիրաբուժության բաժանմունքներում, բոլորի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ):

Նմանատիպ նյութեր