211652_close_icon
views-count47226 դիտում article-date 14:18 26-04-2016

Պայթած ավտոբուսում հայտնաբերվել են «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր. ՀՀ Քննչական կոմիտե. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ՀՀ ԱԱԾ եւ ոստիկանության օպերատիվ հետախուզական մարմինների հետ համատեղ շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական, օպերատիվ -հետախուզական միջոցառումներ՝ Հալաբյան փողոցում ապրիլի 25-ի ուշ երեկոյան թիվ 63 երթուղու ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի պատճառները, հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Նախնական տվալներով՝ պայթյունի պահին ավտոբուսում գտնվել է 10 անձ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայրի զննությամբ, ի թիվս քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ առարկաների, հայտնաբերվել է բջջային հեռախոսային քարտ։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համագործակցաբար պարզվել է տվյալ քարտի բաժանորդի ինքնությունը, ով ՀՀ քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված։ Նրա բնակության վայրում օրենքով սահմանված կարգով ապրիլի 26-ին իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել է «տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր հայտնաբերվել են նաև ավտոբուսի և դեպքի վայրի զննությամբ առգրավված փորձանմուշների վրա, ինչը հիմնավորվել է նշանակված փորձաքննության նախնական եզրակացությամբ։ Ավտոբուսում պայթյունի պահին գտնված 10 անձանցից 9-ի՝ վարորդի, 7 վիրավորների և 1 զոհի ինքնությունը պարզվել է, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ են։ Ապրիլի լույս 26-ի գիշերն իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, նրանց բոլորի բնակարաններում ևս ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չեն հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունի հետ հերքվել է։ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական մարմինների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսային քարտի բաժանորդի և դեպքի վայրում հայտնաբերված երկրորդ դիակի նույնականացման ուղղությամբ։ Դիակն անճանաչելի է և վերցված փորձանմուշների հիման վրա նշանակվել է ԴՆԹ փորձաքննություն։ Առգրավվել և հետազոտվում են դեպքի վայրում և թիվ 63 ավտոբուսի երթուղու երկայնքով առկա հնարավոր տեսանկարահանող սարքերի տեսագրությունները։ Նախաքննության այս փուլում ահաբեկչության վարկածի վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել։ Կատարվում են քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի դրդապատճառները պարզելու ուղղությամբ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/25/83439/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել Երևանում: Դեռևս անհայտ պայմաններում, Հալաբյան փողոցում մարդատար Բոգդան մակնիշի 4829 Տ համարանիշի ավտոբուսում ուժեղ պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Դեպքի վայր էին ժամանել մեծ թվով ոստիկաններ, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոբուսը սպասարկում է թիվ 63 երթուղին` Նոր Նորքի 9-րդ զանգվածից մինչև 15-րդ թաղամաս: Դեպքի վայր էին ժամանել նաև Երևանի ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, գեներալ-մայոր Վահագն Հարությունյանը, Երևանի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ոստիկանության փորձաքրեագետներ ու ԱԱԾ-ի մեծ թվով աշխատակիցներ: ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանն ու ԱԻ նախարար Ա. Երիցյանը մեկնել էին հիվանդանոց, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների` 10-ից ավելի տուժածներ կային, որոնց մի մասի վիճակը ծայրահեղ ծանր է: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ): Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 321+
321+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր