1428 դիտում
18:44 23-04-2016
«Գերմանիան չի կարող լուծել այս կոնֆլիկտը, բայց մյուս երկրների նման կարող է աջակցել լուծումներ գտնելու հարցում»․ Քրիստոֆ Բերգներ
Գերմանական Բունդեսթագի պատգամավոր Քրիստոֆ Բերգները հայաստանյան այցի շրջանակում հյուրընկալվեց նաև ԵՊՀ-ում:
Գերմանացի պատգամավորը նախ ռեկտորի աշխատասենյակում հանդիպեց ԵՊՀ ղեկավարության հետ և կարճ առանձնազրույց ունեցավ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գերմանացի հյուրերին ներկայացրեց բուհը՝ պատմությունը, կառուցվածքը, գիտական գործունեությունը, միջազգային համագործակցությունը և այլն:
«Խորհրդային տարիներին ունեցել ենք բազմաթիվ գերմանացի ուսանողներ, այսօր նրանց թիվը փոքր է: Բայց շատ ակտիվ համագործակցում ենք գերմանական մի շարք խոշոր բուհերի հետ, համատեղ գիտական ծրագրեր ու հետազոտություններ ենք իրականացնում: Մեր երկրում բավականին բարձր հեղինակություն ունի նաև «DAAD»-ն»,- նշեց ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Գերմանացի պատգամավորն էլ իր հերթին նշեց, որ Հայաստանի ու Գերմանիայի այսօրվա ջերմ հարաբերությունների հիմքում նաև մշակութային, կրթական ու գիտական կապերն են, որոնք ունեն երկար տարիների պատմություն:
Հուշանվերներ փոխանակելուց հետո գերմանացի հյուրերը տեղափոխվեցին ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դահլիճ, որտեղ պատգամավորի հետ հանդիպմանը սպասում էին բազմաթիվ ուսանողներ տարբեր բուհերից, ինչպես նաև հետաքրքրված այլ անձինք:
Նշենք, որ Բունդեսթագի պատգամավորը Հայաստան է այցելել ապրիլի 23-ին կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով: ԵՊՀ ռեկտորատի և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կազմակերպած հանդիպման ընթացքում կարճ դասախոսությամբ նա ներկայացրեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագիրը, խոսեց վերափոխվող հասարակությունների, նրանց առջև ծառացած մարտահրավերների, երկրների միջև համագործակցության մասին և այլն:
Հարց ու պատասխանի ընթացքում Քրիստոֆ Բերգներն անդրադարձավ նաև Հայոց ցեղասպանությանը և հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերին ու հայտնեց իր դիրքորոշումը:
«Հունիս ամսին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ են լինելու: Մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացքում էլ ենք անցկացրել քննարկումներ: Հետո ընդլայնեցինք քննարկումները հանձնաժողովներում, որպեսզի գտնենք այնպիսի լուծում, որին խորհրդարանի բոլոր անդամները համաձայն կլինեն: Ես վստահ եմ, որ հունիսին մենք կունենանք բանաձևի նախնական տարբերակը, որտեղ կնշենք, որ եղել է Ցեղասպանություն»,- նշեց պարոն Բերգները:
Խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, վերջին շրջանի լարվածության մասին՝ պատգամավորը շեշտեց, որ եվրոպական երկրների համար դժվար է խնդրին օբյեկտիվ գնահատական տալ, քանի որ մինչ այժմ չկան մշտադիտարկման մեխանիզմներ, որպեսզի հասկանան՝ որ կողմն է մեղավոր:
«Գերմանիան չի կարող լուծել այս կոնֆլիկտը, բայց մյուս երկրների նման կարող է աջակցել լուծումներ գտնելու հարցում»,- կարծում է պատգամավորը:
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
13:59 28-06-2019
Քրիստոֆ Դյուգարի. Դե Լիգտը 19 տարեկան է, բայց նման պահվածքով երկար չի ձգի
Այս բաժնից
526 դիտում
14:22 05-02-2025
Երեխաների իրազեկվածությունը նրանց իրավունքների պաշտպանության հիմնական նախապայմաններից է. ՄԻՊ