1441 դիտում
11:58 22-04-2016
Դեսպան Տիգրան Սեյրանյանի այցը Սլովակիայի Հանրապետություն
Ապրիլի 20-ին Չեխիայի և Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը (նստավայրը՝ Պրահա) այցելեց Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա, որտեղ հանդիպումներ ունեցավ Ազգային խորհրդում, Արտաքին և Եվրոպական գործերի, էկոնոմիկայի նախարարություններում։
Հայաստանի դեսպանը երկրորդ, իսկ ոչ-ռեզիդենտ դեսպաններից առաջինն էր, որ արժանացավ Սլովակիայի խորհրդարանի՝ Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Անդրեյ Դանկոյի ընդունելությանը։ Նշենք, որ պարոն Դանկոն, որպես արտախորհրդարանական կուսակցության ղեկավար, 2015 թվականին այցելել էր Հայաստան և մասնակցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել պարոն Դանկոյին 2004 թվականին երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու, իսկ 2009 և 2011թթ. Սլովակիայի Քրեական օրենսգիրքը ցեղասպանությունների մերժումը քրեականացնող հոդվածներով համալրելու համար։
Սլովակ խորհրդարանականը հավաստիացրեց, որ ապագայում ևս իր երկիրը շարունակելու է սկզբունքային մոտեցումը ցեղասպանությունների դատապարտման հարցում։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների լայն շրջանակ։ Երկուստեք նշվել է, որ նոր լիցք պետք է հաղորդել երկկողմ քաղաքական, առևտրա-տնտեսական և միջխորհրդարանական կապերին։ Սլովակիայի խորհրդարանի նախագահը շեշտել է, որ պետք է լիարժեքորեն օգտագործել երկու ժողովուրդների ներուժն՝ ավելի ակտիվացնելու Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցությունը՝ հիմնված երկու ժողովուրդներին միավորող պատմական, կրոնական ու մշակութային արժեքների լայն շրջանակի վրա։
Հայաստանի դեսպանը ներկայացրել է հարավկովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների, խաղաղ բնակչության և հայ զինվորականների դեմ կատարած վայրագությունների վերաբերյալ տեղեկություններ։ Քննարկվել է Մերձավոր և Միջին Արևելքում պատերազմական գործողությունների հետևանքով Հայաստանում ապաստանած փախստականների խնդիրը, Եվրոպայի՝ փախստականների և միգրանտների ճգնաժամը։
Պարոն Դանկոն ներկայացրել է Եվրոպական Միությունում Սլովակիայի նախագահության նախապատրաստական աշխատանքները։
Դեսպան Սեյրանյանը հանդիպում է ունեցել նաև Սլովակիայի խորհրդարանի Եվրոպական հարցերի կոմիտեի նախագահ Լուբոշ Բլահայի, պատգամավորներ Օլգա Նախտմաննովայի և Պավոլ Գոգայի հետ, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ընդգծվել է միջխորհրդարանական կապերին նոր որակ հաղորդելու անհրաժեշտությունը։
Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման և միջկառավարական համատեղ հանձնաժողով ձևավորելու հարցեր։
Նույն օրը Հայաստանի դեսպանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Բրատիսլավայի հայկական խաչքարի մոտ։
Նմանատիպ նյութեր
609 դիտում
13:16 08-06-2015
Դեսպան Սեյրանյանի աշխատանքային այցը Հրադեց Կրալովիի երկրամաս
699 դիտում
21:40 20-11-2014
Կայացել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Օլոմոուցի երկրամասի նահանգապետի հետ
Այս բաժնից
889 դիտում
19:04 15-11-2024
Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը
811 դիտում
18:58 15-11-2024
Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին