Թոփալովը բողոք է ներկայացրել ՖԻԴԵ-ին, որ շախմատային մրցավար Զուրաբ Ազմայփարաշվիլին սիրուհու հետ լողավազան է գնացել. լուսանկար
Բուլղարացի գրոսմայստերներ Սիլվիո Դանաիլովը, որը նաև Բուլղարիայի շախմատի ֆեդերացիայի նախագահն է, և Վեսելին Թոփալովը պաշտոնական բողոք են ներկայացրել ՖԻԴԵ-ի` էթիկայի հարցերով հանձնաժողովին:
Նրանց կարծիքով, Մոսկվայում կայացած հավակնորդների մրցաշարում վրաց մրցավար Զուրաբ Ազմայփարաշվիլին անբարո վարքագիծ է դրսևորել:
Բողոք ներկայացրած շախմատիստները պատմել են, որ մրցաշարի ժամանակ ապրել են Մոսկվայի Four Seasons հյուրանոցում, իսկ նրանց համարի դիմաց բնակվել է Ազմայփարաշվիլին: Վերջինս իր սենյակ է բերել շիկահեր մի երիտասարդ աղջկա:
.«Որքան էր մեծ մեր զարմանքը, երբ կես ժամ անց Ազմայփարաշվիլին այդ աղջկա հետ, հյուրանոցային խալաթներով եկան լողավազան: Մեր աչքի առջև նրանք սիրահետում էին միմյանց: Դա ցնցող ու ամոթալի տեսարան էր», նշված է բողոքում:
Թոփալովն ու Դանաիլովը նշել են, որ իրենք ճանաչում են վրացու կնոջը, իսկ այդ աղջիկը, ամենայն հավանականությամբ, նրա սիրուհին է եղել:
Բուլղարացի գրոսմայստերները ընդգծել են, որ իրենց չի հետաքրքրում Ազմայփարաշվիլիի անձնական կյանքը, սակայն դա չպետք է ցուցադրվի հավակնորդների մրցաշարում: Նրանք պահանջել են, որպեսզի ՖԻԴԵ-ն խստագույնս պատժի վրաց մրցավարին` ընդհուպ մինչև բարձր կարգի մրցաշարարում աշխատելուց զրկելը:
ՖԻԴԵ-ն առայժմ չի արձագանքել արտառոց այս դիմումին: