211652_close_icon
views-count5975 դիտում article-date 10:52 19-04-2016

Ադրբեջանը վերսկսելո՞ւ է հարձակումը Արցախի վրա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Նախ ասեմ, թե ինչո՞ւ եմ ես կարծում, որ մոտ ժամանակներս Ադրբեջանը վերսկսելու է հարձակումը Արցախի վրա։ 1) ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում հակառակորդի կողմից կուտակվել է հսկայական զորք ու զինտեխնիկա՝ հաստատ ոչ մեր որպիսությունը հարցնելու նպատակով։ 2) Ռուսաստանը, Եվրոպան իր կառույցներով և Միացյալ Նահանգները, շատ լավ իմանալով, թե ով է հարձակվողը, չդատապարտեցին Ադրբեջանի ագրեսիան՝ սահմանափակվելով կրակը դադարեցնելու անդեմ կոչերով։ Բելառուսը, Ուկրաինան, Պակիստանը, Թուրքիան, Իսլամական պետությունների կազմակերպությունը և այլ կառույցներ քաջալերում են Ադրբեջանին՝ նոր հարձակման համար։ Այդ ամենն, իհարկե, մեր «փայլուն», (բայց շատ գաղտնի) դիվանագիտության «նվաճումն» է։ 3) Այս լարված իրավիճակում՝ այդքան զոհերից հետո, ոչ Հայաստանի, ոչ Արցախի, ոչ էլ Ադրբեջանի հասարակությունները պատրաստ չեն ընդունել ոչ մի փոխզիջումային առաջարկ։ Փոխզիջման ճանապարհով՝ գոնե կես գործնական քայլ առաջ գնալը կնշանակի այդ պետությունների իշխանությունների վերջը։ 4) Ալիևի պարագայում պատերազմը, հակահայկական հիստերիան ներքին խնդիրների լուծման միակ ճանապարհն է։ Սպասվող հարձակումը, որը մենք, անշուշտ, հետ կմղենք, նույնպես վերջինը չի լինի, կլինեն էլի հարձակումներ, և դա գուցե կտևի տասնամյակներ։ Դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձենք դառնալ նորմալ պետության, չպիտի զարգացնենք տնտեսությունը, մշակույթը, զբոսաշրջությունը, սպորտը՝ այնպես, ինչպես որ դա անում է (չարչրկված, բայց տեղին զուգահեռ է) Իսրայելը։ Համախմբումը ես հասկանում եմ որպես բոլոր հայերի համախմբում արտաքին վտանգի առջև։ Դա նշանակում է, մասնավորապես, հրաժարվել բանակի և մարտական գործողությունների մասին սուտ, խուճապային և հակառակորդին ձեռնտու լուրերի և դատողությունների տարածումից ՝ որքան էլ դա շահեկան լինի քաղաքական դիվիդենդներ շահելու և «աբիժնիկների» ծափահարություններին արժանանալու առումով։ Համախմբումը չի նշանակում իշխանությունների փառաբանում՝ «ախ, ինչ լավ եք դուք վարվել՝ կեղծելով Հրազդանի քաղաքապետի ընտրությունները»։ Ո՛չ, իշխանությունները պետք է շարունակեն լինել անխնա քննադատությունների թիրախ։ Բայց այն, ինչ ասվում է, պետք է ի վերջո նպաստի արատների շտկմանը, ոչ թե պարզապես լինի այս կամ այն անհատի կամ խմբի բացասական կրքերի արտահայտում։ ...Պատերազմի օրերին 24-ժամյա ռեժիմով աշխատող ռազմական բժիշկների վրա «կոլեկտիվ հարձակումը» հենց այդպիսի կրքերի վառ օրինակ է»։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր