Ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողը կնույնացվեն հայհոյանքի հետ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարիներ շարունակ հայ հանրությանը թվացել է, թե մեր երկրին սպառնացող հիմնական վտանգը մեր հարևան թշնամի պետությունն է, որը մշտապես սպառնում է մեզ: Սակայն այսօրվա իրողությունը ցույց է տալիս, որ արտաքին թշնամուց մենք կարողանում ենք պաշտպանվել, քանի որ մեր զավակներն իրենց կյանքն են զոհում: Բայց կա մարդկանց մի խումբ, որը պատրաստ է այդ նույն զինվորներին, նրանց ընտանիքներին նսեմացնել` զրկելով ապագայի նկատմամբ հույսից: Ավելին՝ նրանք դա անում են նաև այս ճակատագրական օրերին, երբ իրականում քաղաքացիներին հուսահատության տանելու ո՛չ ժամանակ և ո՛չ էլ ռեսուրս այլևս չունենք:
Այս կիրակի Հրազդանում և Թալինում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնցում, ըստ տեղացիների, գործող ՀՀԿ-ական քաղաքապետերի հաղթանակն ապահովելու համար տոտալ ընտրակաշառք է բաժանվել: Նկարում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (բուլկի Արամ), ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջին երեքին կիրակի օրը լրագրողները տեսագրել են Հրազդանում, և ըստ լուրերի՝ հենց նրանք են եղել այդ քաղաքի ընտրակեղծարարների հրամանատարները: Իսկ ինչ վերաբերվում է Կամո Արեյանին, նա էլ Թալին է «գործուղված» եղել նույն նպատակով, որ հանկարծ ընտրողները չհամարձակվեն ինքնուրույն ընտրություն կատարել:
Այսինքն՝ կյանքը կրկին անգամ ապացուցում է, որ ընտրակեղծարարը՝ սկսած հրահանգներ տվող բարձրաստիճան պաշտոնյայից, վերջացրած թաղային խուժանով, որը զբաղվում է ընտրողներին տեղերում ընտրակաշառք բաժանելով և նրանց տեղամասեր «բերման ենթարկելով», անհայրենիք, անբարոյական և մարդկային բոլոր որակներից զուրկ արարածներ են: Ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողը նույնականացվեն հայհոյանքի հետ:
Այսինքն՝ եթե որևէ մեկին ցանկանում ես ամենավերջին հայհոյանքը տալ, ապա նրան կարող ես ասել, որ դու ընտրակեղծարար ես կամ ընտրակաշառք բաժանող, և դրանով ամեն ինչ ասված է: «Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որը հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը». Գարեգին Նժդեհ»:
[b]Մանրամասն` թերթի այսօրվա համարում:[/b]