Անձի սպանության և առևանգման մեղադրանքներով միջազգային հետախուզման մեջ գտնվող 28-ամյա «Բլաի տղա Ռուստամիկը» 6-րդ վարչությունից տեղափոխվեց դատարան, որտեղից էլ` Նուբարաշենի բանտ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց դռնփակ դատական նիստը, որը վարում էր դատավոր Գայանե Մազմանյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Գ. Մազմանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով` բավարարել է իրավապահ մարմնի միջնորդությունը և 28-ամյա Ռուստամ Ստեփանյանը վերցվեց երկամսյա կալանքի:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում 6-րդ գլխավոր վարչություն էին բերման ենթարկել Ռ. Ստեփանյանին, ով Ռուսաստանի Դաշնության իրավապահների կողմից անձի առևանգման և սպանության մեղադրանքներով գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Ռ. Ստեփանյանին հանցագործ աշխարհում ավելի շատ ճանաչում են որպես «Բլաի տղա Ռուստամիկ»: