Հայ սամբիստները իրենց նվաճումները նվիրում են Արցախի և Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին
Ս. թ. ապրիլի 7-ից 11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի ունեցավ Սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը, որին Հայաստանը ներկայացել էր իր ուժեղագույն մարզիկներով:
Մրցումային առաջին իսկ օրը երիտասարդներից 48 կգ քաշային կարգում հանդես եկող Պողոս Բադալյանը նվաճեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Մրցումային երկրորդ օրը մեր հավաքականի համար շատ հաջող օր էր: Մեր մարզիկներից 8-ին հաջողվեց նվաճել 5 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ պատանիներից Արմեն Նիկողոսյանը /52 կգ/, Արտյոմ Ավետիսյանը /65 կգ/, Վահագն Չալյանը /81 կգ/ գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը՝ պարտվեցին միայն եզրափակիչ պայքարում և արժանացան արծաթե պարգևների, իսկ աղջիկներից՝ Անի Տեր-Հարությունյանը /48 կգ/ արժանացավ բրոնզե մեդալի:
երիտասարդներից՝ Ժոռա Լագզյանը /+100 կգ/, պարտվեց միայն եզրափակիչ գոտեմարտում և արժանացավ արծաթե, Հարություն Սարգսյանը /52 կգ/ և Ռոբերտ Գաբրիելյանը / 68 կգ/, որոնք ներկայումս հանդիսանում են Բանակի կենտրոնական մարզական ակումբի զինծառայողներ՝ բրոնզե պարգևների, իսկ աղջիկներից՝ Աննա Մկրտչյանը /+80 կգ/, գերազանց անցկացրեց բոլոր գոտեմարտերը, պարտվեց միայն եզրափակչում՝ զբաղեցնելով մրցանակային 2-րդ տեղը:
Մրցումային վերջին երրորդ օրը մեր մարզիկներից 3-ին կրկին անգամ հաջողվեց հաջողության հասնել և նվաճել ևս 3 մեդալ:
Պատանիներից՝ Հարություն Խոջոյանը /56 կգ/, պարտվելով եզրափակիչ պայքարում՝ արժանացավ արծաթե պարգևի,
երիտասարդներից՝ Գևորգ Խիթարյանը /74 կգ/ գերազանց հանդես գալով բոլոր գոտեմարտերում՝ պարտվեց եզրափակչում և արժանացավ արծաթե, իսկ Ստեփան Սարգսյանը /52 կգ/՝ բրոնզե պարգևների:
Հատկանշական է նշել, որ Հայաստանի սամբոյի հավաքականը թիմային հաշվարկով երրորդն է:
Այսպիսով՝ մեր հավաքականը հաղթանակած վերադառնում է հայրենիք՝ իր հետ բերելով 12 մեդալ, որից՝ 7 արծաթե, 5 բրոնզե:
Մեր համեստ մարզական արդյունքը նվիրում ենք Արցախի և Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին, հայտնում է Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիան: