211652_close_icon
views-count14600 դիտում article-date 13:18 11-04-2016

Հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին. Մովսես Հակոբյան

Հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով ՌԴ գլխավոր շտաբի պետին, ինչը ցույց տվեց, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադար: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» հաղորմանը հայտնել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, Արցախի Պաշտպանության նախկին նախարար Մովսես Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե հրադադարի ռեժիմը երկարատև կլինի՞, թե՞ ոչ: «Թե որքան կտևի այս իրավիճակը, կանխատեսել դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը, հայկական զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ, որ հակառակորդը այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել հիմնախնդիրը, իրեն տրված պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ»,- ասաց նա: Իսկ Ստեփանակերտ հասնելու Ադրբեջանի մտադրությանը, ըստ Մովսես Հակոբյանի, «երազանքի ժանրից է»: Ինչ վերաբերում է փոխօգնության ռազմական համաձայնագրի կնքման անհրաժեշտությանը, Մովսես Հակոբյանը կրկնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հստակ հայտարարությունը. Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հայաստանի զինված ուժերի պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար և սրանից բխող բոլոր գործառույթներն իրականացրել է և այսուհետ ևս իրականացնելու է: Նրա խոսքով, այսօրվա երիտասարդներն ապացուցեցին, որ իրենք այն տղաների զավակներն են, որոնք 1994 թ–ին հաղթանակ են կերտել և այն փոխանցել իրենց որդիներին: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի վաճառքի կապակցությամբ էլ Մ. Հակոբյանը ասաց. «Կիսում եմ նախագահի մտահոգությունը»:

Նմանատիպ նյութեր