ՀՀ և ՌԴ բնապահպանության ոլորտում ստորագրվեց համագործակցության հուշագիր
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով սույն թվականի ապրիլի 7-ին Հայաստան էր ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության հուշագիր է ստորագրվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի նախարարության միջև:
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի և ՌԴ էկոլոգիայի և շրջակա միջավայրի նախարար Սերգեյ Դոնսկոյի կողմից ստորագրված հուշագրի շրջանակներում համագործակցույթունը կողմերի միջև կիրականացվի հետևյալ ուղղություններով.
• շրջակա միջավայրի վրա ազդեցության նորմավորում, շրջակա միջավայրի և ընդերքօգտագործման ոլորտներում ստանդարտացում և սերտիֆիկացում
• շրջակա միջավայրի պահպանության բնագավառում տնտեսական կարգավորում և կայուն բնօգտագործում
• կենսաբազմազանության պահպանություն և կայուն օգտագործում
• բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգի զարգացում, ԲՀՊՏ-ների գործունեության կառավարում
• քիմիական նյութերի և թափոնների (բացառությամբ ռադիոակտիվ) գործածության կարգավորում
• հանքարդյունաբերական գործունեության արդյունքում վնասված հողերի վերականգնում
• բնապահպանական պետական վերահսկողության կազմակերպում և իրագործում;
• շրջակա միջավայրի իրավիճակի մոնիթորինգ
• շրջակա միջավայրի պահպանության բնագավառում պետական կառավարման ոլորտում տեխնոլոգիական և ինովացիոն համագործակցության զարգացում:
Կողմերի միջև համագործակցությունը սույն Հուշագրում նշված ուղղություններով կարող է իրականացվել փորձագետների փոխանակման, մասնագետների խորհրդակցությունների անցկացման, երկկողմ ծրագրերի իրականացման, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության ոլորտում միջազգային ծրագրերին համատեղ մասնակցություն ցուցաբերելու միջոցով:
Հուշագրի դրույթներն իրականացնելու համար Կողմերը կստեղծեն աշխատանքային խումբ՝ բաղկացած Կողմերի ներկայացուցիչներից և Ռուսաստանի Դաշնության ու Հայաստանի Հանրապետության այլ շահագրգիռ գերատեսչություններից: