211652_close_icon
views-count3405 դիտում article-date 10:54 09-04-2016

Լավագույն խաղաղապահները մեր զինվորներն են. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Օրերս պատասխանելով «Դոյչե վելե» լրատվամիջոցի հարցին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Ղարաբաղում խաղաղապահների տեղակայմանը, սակայն... Հայաստանում այդ «սակայն»–ից հետո ասվածն անտեսում են, և մնացածն այսպես են հասկանում, իբր վաղը կամ մյուս օրը ՄԱԿ-ը պատրաստվում է խաղաղապահներ տեղակայել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։ Հանրապետականները, իրար հերթ չտալով, սկսեցին փառաբանել այս փայյուն գաղափարը, ընդդիմադիրներից ոմանք էլ հայտարարեցին, որ դա դավադրության է հայ ժողովրդի դեմ։ Իրականությունը, սակայն, այլ է։ 1994 թվականին կայացած ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթնաժողովի ժամանակ որոշում է ընդունվել ստեղծել Բարձր մակարդակի պլանավորման խումբ՝ անսահմանափակ ժամկետի մանդատով։ Խումբը, մասնավորապես, պետք է ԵԱՀԿ գործող նախագահին առաջարկություն ներկայացներ Ղարաբաղում ԵԱՀԿ բազմազգ խաղաղապահ ուժերի թվաքանակի, կառուցվածքի, հրամանատարության, նյութատեխնիկական մատակարարման և այլնի մասին։ Բայց դա այն դեպքում, եթե կողմերն ընդունեն խաղաղապահներ ենթադրող որևէ տարբերակ։ Դա չի նշանակում, հետևաբար, որ երկուշաբթի օրը խաղաղապահները կժամանեն տարածաշրջան։ Ինչպես 22 տարի չեն ժամանել, այդպես էլ կարող են չժամանել ևս 22 տարի։ Սակայն վերոհիշյալ որոշման տակ կա Հայաստանի և Աղրբեջանի ստորագրությունը, քանի որ նման գագաթնաժողովներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով։ Գերմանացի լրագրողի հարցը ՀՀ նախագահին գուտ տեսական էր, և պատասխանն էլ էր տեսական՝ Հայաստանի բոլոր իշխանությունները պարտավոր են հարգել իրենց ստորագրությունը։ Այս պահին խաղաղապահներ տեղակայելը կնշանակի Արցախում հավելյալ լարվածության ստեղծել։ Մի զարմացեք, դա այդպես է. Լիբանանում, Ռուանդայամ. նախկին Հարավսլավիայում խաղաղապահներն ամենևին չկարողացան կանխել բռնությունները, մասնավորապես, խաղաղապահ ուժերը չկարողացան խոչընդոտել Բոսնիայի սերբերին կոտորել մահմեդականներին Սրեբրենիցայամ կամ ալբանացիներին՝ կոտորել և տեղահան անել սերբերին Կոսովոյից։ Խաղաղապահները, ուզեն թե չուզեն, ներկայացնում են իրենց երկրների շահերը։ Խաղաղապահների տեղակայումն իմաստ կունենա այն ժամանակ, երբ Արցախը կունենա անկախ պետության կարգավիճակ, և նրա ինքնիշխանության երաշխավոր պետությունները, թեկուզ՝ նույն Մինսկի խմբի համանախազահ պետությունները, կկազմեն խաղաղապահ գումարտակներ՝ Արցախի սահմանները ոտնձգություններից պաշտպանելու համար։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ պակաս կարգավիճակ, քան անկախությանն է, կնշանակի սարսափելի արյունահեղություն՝ հարևան էթնոսին հատուկ մեթոդներով։ Առայժմ լավագույն խաղաղապահները մեր զինվորներն են»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր